1 դեկտեմբերի 2006 - 13:30 AMT
Վարդան Օսկանյան. Ղարաբաղի հարցով բանակցությունները չեն հայտնվել փակուղում, դրանք շարունակվում են
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մինսկում դրական էր եւ լավ միջավայրում է անցել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, քննարկվել են համաձայնություն պահանջող հարցերը: «Բանակցությունները չեն հայտնվել փակուղում, ինչպես դա ասում էին Ռոմբուեից եւ Բուխարեստից հետո, դրանք շարունակվում են: Նախագահներն արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարություն են տվել, որ նրանք հանդիպեն եւ մշակեն բանակցությունների սեղանին գտնվող փաստաթղթերի փաթեթը: Էլմար Մամեդյարովի հետ հանիպումը կայանալու է Բրյուսելում, որի ընթացքում քննարկվելու է նաեւ նախագահների նոր հանդիպման հնարավորությունը: Ինչ վերաբերում է առաջարկների նոր փաթեթին, ապա ես այն իրական եւ տրամաբանական եմ համարում»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Վարդան Օսկանյանը նաեւ նկատել է, որ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը ներկա են գտնվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բացի այդ, ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի ժամանակ Բրյուսելում քննարկվելու են կազմակերպության գործնեության հիմնական ուղղությունները, քաղաքական հայտարարություն է ընդունվելու հակամարտությունների վերաբերյալ, որում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կետ է լինելու: «Մենք այժմ խորհրդատվություններ ենք տանում ադրբեջանական կողմի հետ, սակայն մի շարք հարցերով դեռեւս համաձայնություն չի հաստատվել»,- ընդգծել է Օսկանյանը: