Երևանում բացվել է գեղասահքի և տափօղակով հոկեյի մարզադպրոց

Երևանում բացվել է գեղասահքի և տափօղակով հոկեյի մարզադպրոց

PanARMENIAN.Net - Երևանում դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությունը:

Դպրոցը կառուցվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել է Երևան քաղաքին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է $7,55 մլն: Շինարարությունը մեկնարկել էր 2014-ի հունիսին:

Ինչպես լրագրողներիմ ասել է նորաբաց մարզադպրոցի տնօրեն Մելինե Ավագյանը, մինչ այս գեղասահորդները պարապել են մարզադպրոցի պարուսուցման դահլիճում, իսկ հոկեյիստները՝ մարզադպրոցի բակում:

«Դպրոցը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ խորեոգրաֆիայի դահլիճով, մեթոդական լսարանով, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքերով, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից եվրոպական արտադրության սարքավորումներով, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույքով, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններով», - ասել է տնօրենը՝ նշելով, որ այս պահին դպրոցում մոտ 180 երեխա է մարզվում:

Գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան լրագրողների հետ զրույցում կարևորել է Երևանում նման բարձրակարգ մարզադպրոց ունենալու գաղափարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարերար Սերգեյ Համբարձումյանին՝ այդ գաղափարը շատ արագ կյանքի կոչելու համար:

«Իսկ այն, որ մարզադպրոցը իմ անունով է անվանվել, կարծում եմ, որ դա առաջին հերթին արդյունք է մեր երկրների բարեկամության և գեղասահքի այն ժառանգության, որը կա մեր երկրում: Ես շատ շնորհակալ եմ, որ իմ անունով առաջին մարզադպրոցը բացվել է ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում»,-ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Ռոդնինան նշել է նաև, որ մարզադպրոցում չի դասավանդելու, բայց ժամանակ առ ժամանակ դասընթացներ կանցկացնի:

«Դասավանդել չեմ կարող, որովհետև դրա համար ամեն օր պետք է լինեմ այստեղ, իսկ այդպես չեմ կարող: Այստեղ կլինեն նաև Ռուսաստանի և ԽՍՀՄ լավագույն մարզիչները: Մենք այստեղ կբերենք հայտնի ռուս գեղասահորդների, որոնք ցուցադրական ելույթներ կունենան, մարզադպրոցի սաների հետ կկիսվեն իրենց փորձով», - հավելել է նա:

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 1971-ին և իր գործունեությունն իրականացրել է Երևանի Բագրատունյաց 48/1հասցեում: Վերջին տարիներին մարզադպրոցը գտնվում էր անբարեկարգ պայմաններում, իսկ սահադաշտը տևական ժամանակ չէր գործում: Երևան քաղաքի ավագանու 25.11.2015-ի որոշմամբ մարզադպրոցը անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և գործելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում գտնվող նորակառույց գեղասահքի դպրոցի շենքում՝ անվանի գեասահորդ, ՌԴ հասարակական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---