1 դեկտեմբերի 2006 - 14:27 AMT
Ստրասբուրգում Հայաստանը կբարձրացնի Հին Ջուղայի խաչքարերի վերաբերյալ հարցը
Ստրասբուրգում, որտեղ դեկտեմբերի 6-ին ծրագրված է հանդիպում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի եւ ԵԽ այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, Հայաստանը եւս մեկ անգամ կբարձրացնի Հին Ջուղայի (Նախիջեւան) հայկական խաչքարերի ոչնչացման վերաբերյալ հարցը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պատրաստ է ընդունել պատմական հուշարձանների պաշտպանության ԵԽ առաքելությանը եւ տրամադրել այդ բարբարոսային ոչնչացման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ վկայություններն ու փաստաթղթերը: «Ստրասբուրգից հետո ես կուղեվորվեմ Բրյուսել, որտեղ քննարկվելու է Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը: Գործողությունների ծրագրի իրագործումը ես Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն եմ համարում 2007 թվականին»,- ասել է նա: