Թուրք նախարարը մեղադրել է ՌԴ-ին նեղուցների մասին կոնվենցիան խախտելու մեջ

Թուրք նախարարը մեղադրել է ՌԴ-ին նեղուցների մասին կոնվենցիան խախտելու մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների նախարար Բինալի Յիլդիրիմը, մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ներում հայտնված լուսանկարները, որտեղ իբր ՌԴ զինծառայողը ռուսական ռազմանավի տախտակամածում զենիթահրթիռային համակարգն ուսին է դրած Բոսֆորի նեղուցում, Մոնտրյոի նեղուցների մասին կոնվենցիայի խախտում է համարել:

Թուրքական ԶԼՄ-ները պնդում են, որ խոսքը «Ցեզար Կունիկով» ռազմանավի մասին է, որը ենթադրաբար լուսանկարվել է դեկտեմբերի 6-ին` Բոսֆորով անցնելիս: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն այդ միջադեպը սադրիչ էր անվանել:

«Հրթիռային շարժական համալիրն ուսին դրած ռուս զինծառայողի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Բսոֆորի նեղուցով անցնելիս: Դա բացահայտ սադրանքի տարր է: Դա նաև նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի խախտում է և բացահայտ սպառնալիք»,-հայտարարել է Յիլդիրիմը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ միջազգային համաձայնությունների և կանոնների պահպանման դեպքում նեղուցով անցումների սահմանափակում չի լինի: Եթե բացահայտ սպառնալիքներ ի հայտ գան, անհրաժեշտ միջոցներ կկիրառվեն, հավելել է Յիլդիրիմը:

1936 թ. Մոնտրյոյի կոնվենցիայով սահմանվել է Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում, ինչպես նաև սահմանափակվել է դեպի Սև ծովը ելք չունեցող պետությունների ռազմական նավերի ներկայությունը Սև ծովում:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24- խոցումից հետո:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա կուղարկի С-400 նորագույն զենիթահրթիռային համակարգեր: Նոյեմբերի 26-ին Ռուսաստանն արդեն տեղակայել էր Սիրիայում նորագույն С-400 զենիթահրթիռային համակարգը, որը դեռ նմանը չունի աշխարհում: С-400 համակարգը «Մոսկվա» հրթիռային հածանավի «Ֆորտ» համալիրի հետ միասին ապահովում է ռուսական ավիախմբի թռիչքների անվտանգությունը և կոչնչացնի սպառնալիք ներկայացնող ցանկացած թիրախ:

 Ուշագրավ
---