ՀԱԿ-ը բոյկոտել է ԱԺ աշխատանքը. Պատճառը հանրաքվեի կեղծումն է

ՀԱԿ-ը բոյկոտել է ԱԺ աշխատանքը. Պատճառը հանրաքվեի կեղծումն է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության անունից խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դեկտեմբերի 7-ին հայտարարել է խորհրդարանի նստաշրջանի հետագա աշխատանքը բոյկոտելու մասին:

«Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ հայտարարում ենք այս նստաշրջանի հետագա աշխատանքների բոյկոտի մասին, քանի որ ստեղծված վիճակում մենք չենք կարող ձեզ հետ միասին նստել նույն դահլիճում և սովորականի պես գործ անել: Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության և օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն», - Ազգային ժողովի նիստի մեկնարկին ասել է Զուրաբյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:< /i>

Հայտարարությունից հետո Զուրաբյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը, իսկ նույն խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը չմիացան նրանց:

Փաշինյանը չմիացավ խմբակցության որոշմանը՝ բոյկոտել խորհրդարանական նիստը, քանի որ որոշումը, ըստ նրա, կայացրել էր ոչ թե խմբակցությունը, այլ՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը:

Մի քանի լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասել է նաև, որ ինքը պարտավոր չէ կատարել այլոց որոշումները, որոնց կայացմանն ինքն անձամբ չի մասնակցել, գրում է Tert.am-ը:

Պատգամավորը նաև նկատել է, թե խմբակցության անդամները, որոնք այսօր բոյկոտել են նիստը՝ հանրաքվեն կեղծելու համար՝ պատճառաբանելով, որ չեն կարող կեղծիքի հեղինակների հետ մեկ դահլիճում նստել, 2008թ. մարտի 1-ից հետո, փաստորեն, կարողացան գտնվել նրանց հետ ԱԺ նույն նիստերի դահլիճում և ավելին՝ մեկ րոպե լռությամբ հարգել տասը զոհի հիշատակը:

«Իսկ հիմա հանկարծ չեն կարող կեղծված հանրաքվեից հետո ՀՀԿ-ականների հետ միասին լինել միևնույն դահլիճում», - ասել է նա:

Մինչ այդ, ԱԺ-ում քվեարկության է դրվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» օրինագիծը:

Քվեարկությունից առաջ Փոստանջյանը հայտարարել է.

«Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ նա այլևս պահանջատեր չէ և այս օրինագծի վերաբերյալ կարծիք արտահայտեց, թե իբրև նման օրինագծի ընդունմամբ ինքն ընկնելու է պատասխանատվության տակ և վախենում է այդ պատասխանատվություն…»:

«Նման միջադեպ չի եղել, անջատեք խոսափողը, զրպարտությունների շարքը թողեք»,- ընդհատելով Փոստանջյանին՝ հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, գրում է Panorama.am-ը:

Այնուհետև, անդրադառնալով օրինագծին՝ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀԿ խմբակցության տեսակետը. «Որպեսզի Ձեզ չվիրավորենք, որոշել ենք այդ անհեթեթ որակումներով շարադրանքի, որը մեր ազգային երազանքն է, բայց ոչ օրենքի խնդիր, քվեարկության չմասնակցել»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ իրենք նույնպես չեն մասնակցելու քվեարկությանը:

ՀԱԿ-ից պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս հարցը քննարկելու ժամանակ ևս քվեարկության չի մասնակցել. «Ուզում եմ ասեմ, որ իմ չմասնակցելը քվեարկությանը որևէ կապ չունի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի քվեարկությանը չմասնակցելու հետ»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել է, թե մեծ ցանկության դեպքում էլ կապը դժվար թե գտնեին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---