Սերժ Սարգսյան. Պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի պատրաստենք նոր Ընտրական օրենսգիրք

Սերժ Սարգսյան. Պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի պատրաստենք նոր Ընտրական օրենսգիրք

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո, հյուրընկալել է բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների: Նախագահը նախ առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանին պատուհասած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, այնուհետև՝ հանդես է եկել փոփոխություններին ու հետագա անելիքներին նվիրված ելույթով:

Բարեփոխումը, Սերժ Սարգսյանի գնահատմամբ, շատ կարևոր ու նոր հանգրվան է Հայաստանի պետության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ճանապարհին: «Երեկ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ»,- ասել է նա:

«Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես «ճակատ» էին խոսում: Ես փորձել եմ այս բառից որքան հնարավոր է խուսափել: Իմ խորին համոզմամբ, երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք: Հայ ժողովրդի պատմությունն ունեցած մի ազգի համար դա անթույլատրելի շռայլություն է: Ավելին, այս փոփոխությունների հիմնական նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ երկրի ներսում ճակատ-ճակատի դուրս գալու ու կռիվ տալու կարիքը չլինի», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նախագահը կարևորեց այն փաստը, որ քարոզարշավի ընթացքում «Այո» էին քարոզում ինչպես Հանրապետական կուսակցությունը, այդպես էլ խորհրդարանում ներկայացված Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք այլ կուսակցություններ: Այդ «Այո»-ն չէր նշանակում, որ մեր մեջ տարաձայնություններ, բանավեճեր և սուր քննարկումներ չեն եղել: Թե որքան ենք ունեցել, միայն մենք գիտենք: Այնուամենայնիվ, մենք մշտապես ուժ էինք գտնում մեր մեջ փոխզիջումների գնալու, փոխադարձ ընդունելի տարբերակներ մշակելու: Մեր բռնած ճանապարհը դեռ ավարտված չէ: Ընդհակառակը, մենք այսօր, իսկ նոր ճանապարհի մեկնարկ ենք տալիս», - հայտարարել է նա:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851 քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ պետք է սկսել նոր Ընտրական օրենսգրքի պատրաստման աշխատանքները: «Այդ աշխատանքը պետք է ավարտած լինենք մինչև 2016թ. հունիսի 1-ը, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ: Մենք պատրաստ ենք ամենաբաց և ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձևաչափերում, որպեսզի ի վերջո ընդունենք նոր՝ լավագույն Ընտրական օրենսգիրքը: Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը և մեզ հետ հավասար կլծվեն այս կարևոր աշխատանքին: Մենք մեր հերթին պատրաստ ենք աշխատել, որպեսզի նոր Ընտրական օրենսգիրքը համապատասխանի միջազգային լավագույն փորձին: Մենք քաջ գիտակցում ենք, որ առաջիկա ընտրությունների որակով է առավելապես պայմանավորված մեր պետության, մեր ժողովրդի վաղվա օրը: Ուստի և, աշխատելու ենք բաց և թափանցիկ, քանի որ ամենաթանկն ենք համարում վստահությունը և դրա ամրապնդումը», - նշել է ՀՀ նախագահը:

«Այսօր մեզ անհրաժեշտ է վստահություն ոչ միայն քաղաքական ուժերի միջև, այլև հանրության մեծ վստահություն քաղաքական ուժերի հանդեպ: Միայն այդ կերպ քաղաքական ուժերը կկարողանան կայանալ՝ որպես փոփոխություն իրականացնելու գործում հանրության լիազոր ներկայացուցիչներ: Ազգային ժողովը պետք է դառնա գաղափարական բանավեճերի, երկրի համար կարևորագույն լուծումներ գտնելու թիվ մեկ հարթակը: Ընտրությունների արդյունքում չպետք է լինեն ամեն ինչ ստացողներ, և ամեն ինչ կորցնողներ», - նշել է նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---