8 դեկտեմբերի 2015 - 12:25 AMT
Հանրաքվեի արդյունքների վերահաշվարկի դիմումներ՝ 78 տեղամասում

2015-ի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողով ստացել է թվով 78 տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ:

Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողով ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Նախնական տվյալներով` 1997 տեղամասային հանձնաժողովի գրանցամատյաններից մոտ հարյուրում են առկա քվեարկության ընթացքի մասին գրառումներ:

2015-ի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով կարող էին ներկայացվել դեկտեմբերի 7-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

Դրանցից 296-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 3 դեպքով հարուցվել է քրեական գործ:

Դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։

Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: