ԵՄ պաշտոնյա. Հանրաքվեի ընտրակեղծիքների լիարժեք քննության կոչ ենք անում

ԵՄ պաշտոնյա.  Հանրաքվեի ընտրակեղծիքների լիարժեք քննության կոչ ենք անում

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը ի գիտություն է ընդունել հանրաքվեի նախնական արդյունքները և որոշ ընդդիմադիր առաջնորդների ու անկախ դիտորդների արտահայտած մտահոգությունները: Այս մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

«Մենք իշխանություններին ընտրակեղծիքների վերաբերյալ պնդումների լիարժեք քննության կոչ ենք անում, որպեսզի հանրաքվեի գործընթացը արժանահավատ լինի: Այժմ կարևոր է կիրառել նոր սահմանադրությունը՝ հատկապես մարդու իրավունքներին վերաբերող գլուխը, զսպումների և հակակշիռների նոր մեխանիզմները և փոքրամասնության իրավունքները ընդդիմության համար, որպեսզի այն չմնա սոսկ թղթի վրա», - ասել է Սվիտալսկին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Եվրամիության դեսպանն ընդգծում է նաև, որ Հայաստանը կարիք ունի ընդունելու նոր Ընտրական օրենսգիրք՝ «ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին համապատասխան, ներառական կերպով և հերթական խորհրդարանական ընտրությունների հաջորդ փուլից մեկ տարի առաջ»:

2015-ի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողով ստացել է թվով 78 տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ:

Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողով ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

Դրանցից 296-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 3 դեպքով հարուցվել է քրեական գործ:

Դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։

Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

Կարդացեք նաև` ԱՄՆ դեսպանություն. Ընտրախախտումների մասին մտահոգիչ հաղորդումները պետք է հետաքննվեն

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---