Աշխարհի լավագույն ռոբոտները` Երևանում. Բացվել է «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսը

Աշխարհի լավագույն ռոբոտները` Երևանում. Բացվել է «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Երևանում բացվել է «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսը: Առաջին անգամ տարածաշրջանում այս ցուցահանդեսը ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:

Այն անցկացվում է «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, Կինոպարկի հարևանությամբ: Հատուկ գործարանային շնչով ձևավորված սրահը, որը ռոբոտաշինության միջավայր է ստեղծում, երեխաներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն ծանոթանալ ռոբոտների հետ, այլև մասնակցել դրանց կառուցման, ծրագրավորման գործընթացին:

Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրոկոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա:

Նախագծի կարևորագույն խնդիրներից է ուսուցումը, ինչին հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր փուլերում` մասնակից ռոբոտների ընտրության, ուղեկցվող միջոցառումների, էքսկուրսիաների և այլ հարցերում:

Ցուցահանդեսում ներկայացված են Անգլիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Իռլանդիայից և այլ երկրներից բերված 20 ինտերակտիվ ռոբոտ (հանրահայտ Տեսպիան դերասան ռոբոտը, հատուկ թերապիայի առավելությունները կիրառող Պարոն, մատուցող ռոբոտ Յոշան, Ռոբոֆուտբոլը, Ռոբոտ Պինգ-Պոնգը, արդյունաբերական առաջադրանքներ կատարող Բակսթերը և այլն), ինչպես նաև հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:

Բացնն արարողության ժամանակ ելույթ ունեցավ «Մանկական եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ մրցանակակիր Միկա Վարոսյանը:

«Ռոբոտների կորպորացիա» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Նիկիտինը շնորհակալություն հայտնեց Երևանում ցուցահանդեսը հյուրընկալելու համար. նա հուսով է, որ միջոցառումը, այդ թվում, կօգնի հայտնաբերել նոր երիտասարդ տաղանդներ ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում: Նիկիտինի համոզմամբ, տաղանդավոր մարդիկ միշտ կարող են ինքնաարտահայտվել:

«Ռոբոտների շքերթ»-ի համահիմնադիր Մարինա Լևաշովայի խոսքով` ռոբոտների ցուցադրման այս ծրագրով նրանք կարողացել են միավորել ուսուցումը, ուսումնասիրությունը և ժամանցը, զվարճանքը:

Նա նշեց, որ նախագծի նպատակն է ինժեներական էլիտայի վերածնունդը Ռուսաստանում:

«Ռոբոտների այս ցուցահանդեսը յուրօրինակ է, առավել ևս` այն առաջին անգամ է անցկացվում տարածաշրջանում: Միջոցառման հիմնական նպատակն է ծանոթացնել մեր երեխաներին, և ոչ միայն նրանց, նորարարությունների, ռոբոտների հետ, ցույց տալ նրանց պատմությունը, թե ինչպես են ստեղծվում ռոբոտները», - բացումից հետո լրագրողներին ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նա նաև նշեց, որ ցուցահանդեսի մյուս նպատակը բարեգործությունն է. ստացված շահույթի գերակշիռ մասն ուղղվելու է Հայաստանում լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժմանը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայրենական ռոբոտոտեխնիկայի ոլորտում իրենց ավանդն ունեցած ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, միջոցառման կազմակերպմանն աջակցած ընկերությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ամերիա» ընկերությունների խմբի անձնակազմը: Միջոցառման հյուրերը երեխաներ էին, որոնք հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալ ռոբոտների հետ, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2016-ի հունվարի 10-ը (հանգստյան օրեր` դեկտեմբերի 31 և 2016-ի հունվարի 1):

Տոմսերը վաճառվում են Երևանի բոլոր տոմսարկղերում, ինչպես նաև «Երևան Մոլ»-ում: Դրանք նաև կարելի է ձեռք բերել օնլայն` Cult.am կայքում: Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200 դրամ աշխատանքային օրերին և 3300 դրամ ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կլինեն` 2900 և 3900 դրամ: Նախատեսված է հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար:

«Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում՝ 2014-ին, և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ամբողջ պատմության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---