ԿԶԵՀ-ը հաստատել է ՀՀ-ին վարկի առաջին մասնաբաժնի տրամադրումը` $100 մլն-ի չափով

ԿԶԵՀ-ը հաստատել է ՀՀ-ին վարկի առաջին մասնաբաժնի տրամադրումը` $100 մլն-ի չափով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Երևանում գումարվել է Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) խորհրդի 24-րդ նիստը, այն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում: Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի ֆինանսների նախարարները, Ղրղզական Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալը, Հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը, Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչները, ՀՀ փոխվարչապետ Վահե Գաբրիելյանը:

«Որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական վարկի` $100 մլն-ի չափով առաջին մասնաբաժնի տրամադրման մասին, ինչն էլ ուղղված է ֆինանսական կայունության ապահովմանը»,-նշել է Գագիկ Խաչատրյանը:

ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ՀՀ կառավարությունը $300 միլիոնի չափով բյուջետային աջակցության վարկ կստանա: Այս համաձայնագրին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոյեմբերի 5-ի նիստում: Վարկը տրամադրվելու է երեք մասնաբաժնով (յուրաքանչյուրը` $100 մլն): Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ:

Նիստում հաստատվել է Արմավիրի մարզում Մաստարայի ջրամբարի կառուցման ներդրումային ծրագրի 25,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ֆինանսավորման նախնական հայտը, ինչը մեծ նշանակություն կունենա մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար:

Հայաստանի և Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել: Խոսքը նախ «Հյուսիս – Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության» մասին է, որը մոտ 150 միլիոն դոլարի վարկավորում է նախատեսում հիմնադրամի կողմից: Գումարը կուղղվի Ագարակ – Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներն ավարտելուն, հայտնում է Sputnik-ը։

Հաջորդ նախագիծը, որի մասին որոշումն արդեն կայացվել է, իսկ համաձայնագիրն էլ` կնքվել, «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագիրն է, ըստ որի` հայկական կողմին Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը 40 միլիոն ամերիկյան դոլարի վարկ կտրամադրի:

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ընդգծել է, որ հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում անդամ պետությունների միջպետական և ազգային խոշոր ներդրումային նախագծերին, նաև դրամաշնորհներով աջակցում է սոցիալական ոլորտում պետական ծրագրերի ֆինանսավորմանը:

«2016 թվականին նույնպես Հիմնադրամը կշարունակի աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերին, մասնավորապես` ուղղված եվրասիական ինտերգրման առավել խորացմանը»: Հիմնադրամի խորհուրդն ամփոփել է 2015 թվականին իրականացված աշխատանքները և մատնանշել 2016-ի համագործակցության ուղենիշերը: Հաջորդ նիստը կանցկացվի Մոսկվայում:

Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին` տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու, երկարաժամկետ կայունություն ապահովելու և անդամ երկրների տնտեսությունների ինտեգրմանն աջակցելու նպատակով:

2014-ին Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամիխորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը $150 միլիոնի ներդրումային վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս – Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման» (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---