Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի խափանման միջոցը փոխվել է

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի խափանման միջոցը փոխվել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Բաքվի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել իրավապաշտպան Լեյլա Յունուսի խափանման միջոցը փոխելու մասին: Յունուսն ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից, նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է պայմանական ազատազրկումը, հայտնում է Haqqin.az-ը:

Յունուսի դեմ դադարեցվել է 320 հոդվածով (փաստաթղթերի կեղծում) քրեական հետաքննությունը: Հանվել է նաև կալանքը Նիզամի 53 հասցեում գտնվող նրա տնից:

Նոյեմբերի 12-ին Բաքվի վերաքննիչ դատարանը դատավոր Վյուղար Մամեդովի նախագահությամբ որոշեց փոխել Լեյլա Յունուսի ամուսնու` ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսի խափանման միջոցը: Յունուսն ազատ է արձակվել դատարանի դահլիճում, նրա հանդեպ ընտրվել է խափանման նոր միջոց` տնային կալանք:

Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով:

Ադրբեջանցի իրավապաշտպանների դատավճիռը չափազանց անհանգստացրել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին: «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», - ասել է Շուլցը:

Ավելի վաղ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել էր ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: Ըստ Պետքարտուղարության՝ Մեղադրանքը բացառապես կապ ունի նրանց իրավապաշտպան գործունեության և տարածաշրջանում լարվածության թուլացման ու վստահության կամուրջներ կառուցելու վերաբերյալ խաղաղարար ծրագրերին նրանց մասնակցության հետ Կառույցը նաև անհանգտացած է դատական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումներով, և հատկապես՝ իրավապաշտպանների առողջությամբ:

Մեծ Բրիտանիայի՝ եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը ևս խոր մտահոգություն էր հայտնել Յունուսների դատավարության առնչությամբ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---