10 դեկտեմբերի 2015 - 10:30 AMT
Կոմանդոս. Պատասխան քայլերը կատարվում են, բայց խնդիրը միայն պաշտպանությամբ չի լուծվում

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) շարունակում է պնդել, որ հայկական կողմը չպետք է սպասի, թե Ադրբեջանը երբ է հերթական սադրանքներին դիմելու՝ պաշտպանվելու համար, հայտնում է Tert.am-ը: :

«Պաշտպանության նախարարության քայլերն այլևս տարբերվում են: Այն ժամանակ սպասում էին, որ իրենք հարձակվեն ու մենք պաշտպանվեն, հիմա արդեն կարծես փոխվել է, կանխիչ համարժեք քայլեր ենք անում, ինչը պետք է: Նախարարն ասաց, որ չենք թողնի առանց պատասխանի, և այդ պատասխան գործողությունները վերջին հրապարակված տեսանյութը հաստատում է»,- ասաց նա:

Արկադի Տեր-Թադևոսյանը որպես զինվորական հայկական բանակի կանխիչ քայլերը ողջունում է, բայց որպես քաղաքացի հասկանում, որ ադրբեջանական սադրանքները անտեղի կյանքեր են խլում:

«Իհարկե պատասխան քայլերը կատարվում են, նախահարձակ չենք լինում, բայց խնդիրը միայն պաշտպանությամբ չի լուծվում, արդեն տանկեր են օգտագործում: Հայկական կողմն իրավունք չունի նման փոքր պետություն լինելով՝ թույլ տալ զոհեր ունենալ»,- նշեց նա:

Դեկտեբերի 6-ից իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կտրուկ սրվում է: Դեկտեմբերի 9-ին հակառակորդն առաջին անգամ տանկի արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: