Դինքի գործով մեղադրանք է ներկայացվել 26 թուրք ոստիկանի

Դինքի գործով մեղադրանք է ներկայացվել   26  թուրք ոստիկանի

PanARMENIAN.Net - Պոլսահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դատարանի առաջ կկանգնի թուրքական ոստիկանության 26 նախկին սպա:

Ինը տարի ձգվող դատավարության շրջանակում պաշտոնական մեղադրանք է ներկայացվել ոստիկաններին՝ ցուցաբերած անփութության համար, Hurriyet Daily News-ին հղումով գրում է Tert.am-ը:

Ոստիկանների թվում կան նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք: Նախկինում նույն պաշտոնական մեղադրանքի հաստատումը Ստամբուլի դատարանները երկու անգամ մերժել էին: Այժմ սպասվում է, որ դատարանը իր որոշումը կհրապարակի 15 օրվա ընթացքում:

Հրանտ Դինքի սպանության մասին տեղյակ եղած և այն չկանխած թուրք պետական ծառայողների գործով քննության ընթացքում դատախազ Գյոքալփ Քյոքչուի կողմից պատրաստված մեղադրական եզրակացությունը ներկայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազությանը: Սպանության դեպքից 9 տարի անց առաջին անգամ որպես կասկածյալ ցուցմունք է տվել Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Էնգին Դինչը։ Նա իր ցուցմունքում նշել է, թե տեղյակ են եղել, որ Յասին Հայալը Դինքի դեմ գործողություն է նախապատրաստում, և տեղեկանալու հենց նույն օրն էլ տեղեկությունն ուղարկել են Ստամբուլի հետախուզությանը։

Նա նշել է, որ Ստամբուլում պատկան մարմիններին զգուշացրել է՝ ինչպես հեռախոսով, այնպես էլ գրավոր տարբերակով: «Դինքի դեմ պատրաստվող մահափորձի մասին կարևոր տեղեկություններ ստացել ենք Թունջելից՝ 2006-ի փետրվարի 15-ին: Փետրվարի 17-ին այդ տեղեկությունը, զեկույցի տեսքով, ուղարկել ենք Անկարա և Ստամբուլ», - ասել է նա։

Գյոքալփ Քյոքչուի կողմից պատրաստված մեղադրական եզրակացությունը ներկայացվել էր Ստամբուլի գլխավոր դատախազությանը։ Մեղադրական եզրակացության մեջ Էնգին Դինչի, սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշեթ Ալթայի և այդ ժամանակահատվածում Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ահմեթ Իլհան Գյուլերի նկատմամբ կանխամտածված սպանությանն աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով 20-25 տարվա ազատազրկում է պահանջվում։

Ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ռամազան Աքյուրեքի, բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջում: Սպանության տարում Ստամբուլի ոստիկանապետ Ջերահեթթին Ջերրահն ու Հետախուզության պետ Սաբրի Ուզունը դատարանի առաջ կկանգնեն պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։

Մեղադրական եզրակացության մեջ ընդհանուր առմամբ 25 պաշտոնյայի դատելու պահանջ է ներկայացվում։

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---