4 դեկտեմբերի 2006 - 16:28 AMT
Քոչարյան-Ալիեւ հանդիպումը Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, անարդյունք կավարտվի, գտնում է Ա. Յունուսովը
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, ծրագրված Մոսկվայում դեկտեմբերի սկզբում, ամենայն հավանականությամբ, անարդյունք կավարտվի: Այդ մասին հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը` պատասխանելով երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումից ակնկալվող սպասումների վերաբերյալ հարցերին: «Եթե ելնենք այն ինֆորմացիայից, որ մեզ հայտնել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո, որ այդ հանդիպմանը երկու երկրների նախագահները կարող են, եւ շատ հնարավոր է կստորագրեն շրջանակային համաձայնագիրը, որում կորոշվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագա սկզբունքները: Սակայն ես դրան շատ չեմ հավատում: Ենթադրում եմ, որ հանդիպումը անարդյունք կավարտվի»,- նշել է նա: Ընդ որում, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում «տեղաշարժ, անկասկած, կա»: «Փաստորեն, կարգավորման ամերիկյան ծրագիրը, որ հաճախ անվանում են «Պրահայի գործընթաց», մոտենում է իր տրամաբանական ավարտին: Սակայն նրան սպասում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախորդ ծրագրերի ճակատագիրը («ընդհանուր պետություն», «փուլային ծրագիր», «փաթեթային») եւ այն կդառնա պարզապես պատմության մի մաս»,- ավելացրել է Արիֆ Յունուսովը, հայտնում է Day.az-ը: