11 դեկտեմբերի 2015 - 14:54 AMT
ՄԱԿ-ը խոշտանգումների կիրառման մեջ է մեղադրում Ադրբեջանին

ՄԱԿ հերթական զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը պատասխանատվության չի ենթարկել վերջին տարիներին խոշտանգումների համար մեղավորներից ոչ մեկին, չնայած կալանավայրերում կտտանքների մասին հարյուրավոր բողոքներին, ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ, հայտնում է Haqqin.az-ը:

Նոյեմբերի 11-12-ին Ժնևում` ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեում քննարկվել է Ադրբեջանին առնչվող զեկույցը: Լսումներից մի քանի շաբաթ անց հրապարակվում է կոմիտեի «Ամփոփիչ դիտարկումներ» փաստաթուղթը:ՄԱԿ կոմիտեն իր եզրակացությունները հրապարակել է դեկտեմբերի 9-ին: Հատկանշական է, որ նույն օրն Ադրբեջանի իշխանություններն ազատ արձակեցին իրավապաշտպան Լեյլա Յունուսին, որը բանտում է անցկացրել ավելի քան 16 ամիս:

ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի ամփոփիչ զեկույցում մտահոգություն է հայտնվում առ այն, որ ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության և որ կառավարությունում այդ պնդումներն անհիմն են համարում:

«ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն միանգամայն հստակ հայտարարել է, թե որքան տագնապալի է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Իշխանությունները պետք է անհապաղ ականջալուր լինեն կոմիտեի խորհուրդներին և արդյունավետ հետաքննություն իրականացնեն խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին բոլոր պնդումների վերաբերյալ»,-ասել է Human Rights Watch-ի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:

Ավելի վաղ Human Rights Watch-ը կոչ է արել ՄԱԿ Կոմիտեին դատապարտել Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և պահանջել վերջ տալ հետապնդումներին և ազատել քաղբանտարկյալներին:

ՄԱԿ կոմիտեի հերթական զեկույցը նաև կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել անարդարացիորեն բանտերում պահվող իրավապաշտպաններին:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է բազմաթիվ միջազգային կառույցների պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: