12 դեկտեմբերի 2015 - 10:58 AMT
Ուորլիք. Ժամանակն է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները հանդիպեն

Գերմանիան, որպես ԵԱՀԿ ապագա նախագահ հավաստիացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որ լիովին սատարում է ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ըստ նրա, ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում, որը տեղի ունեցավ Բելգրադում դեկտմեբրի 3-4-ին, համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ` քննարկել են երկու երկրների նախագահների մոտալուտ հանդիպման վերջին մանրամասները:

«Մենք հավատում ենք, որ գրեթե 1 տարվա ընդմիջումից հետո, եկել է ժամանակը երկու նախագահաների հանդիպման և կարգավորմանն ուղղված հետագա քայլերի կառուցողական քննարկումների համար»,-ասել է Ուորլիքը, հայտնում է «Թրենդը»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին: Հարցը քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը, որի շրջանակում ձեռք է բերվել համաձայնությունը:

«Ըստ պայմանավորվածության, հանդիպման մասին համապատասխան հայտարարություն կարվի, չնայած, որ Ադրբեջանը մշտապես խախտում է պայմանավորվածությունները: Ի՞նչ է դա նրան տալիս: Մենք նման բաներով չենք զբաղվում: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին»,-ասել էր նա:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեսիրի համատեղ հայտարարություն էին տարածել:

«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու գաղափարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վերջին շրջանում գրանցված սրացման ֆոնին մենք կողմերին կոչ ենք անում վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունն ու ցրել թյուրըմբռնումը, թե իրենք լուրջ չեն խաղաղության հասնելու բանակցություններում։ Կողմերը պետք է շարունակեն 2014 թվականին Սոչիի, Ուելսի ու Փարիզի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնության տարրերի շուրջ քննարկումները ու 2016 թվականին ակտիվացնեն երկխոսությունը՝ այդ առաջարկների հիման վրա»,-հայտարարել են կողմերը:

Հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության դեպքերի աճով պայմանավորված՝ ստատուս քվոն անկայուն է դարձել:

«Մենք հատկապես դատապարտում ենք նռնականետերի ու այլ ծանր տեխնիկայի կիրառումն ու ափսոսում ենք, որ դրանց օգտագործման հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անմեղ մարդկանց տառապանքն ու մահերը արդարացում չունեն: Մենք կողմերին խստագույնս կոչ ենք անում նվազեցնել լարվածությունն ու պաշտպանել մարդկանց կյանքը»,-ասված է հաղորդագրության մեջ, որում նաև կոչ է արվում ընդունել ԵԱՀԿ-ի հետաքննչական մեխանիզմները: