Ջուլֆալակյան. 2016-ի Օլիմպիադայի 4-5 ուղեգիր ստանալն իրական է

Ջուլֆալակյան. 2016-ի Օլիմպիադայի   4-5 ուղեգիր ստանալն իրական է

PanARMENIAN.Net - 2015-ի նվաճումների ու բաց թողումների, ինչպես նաև 2016-ի մասին իր կանխատեսումներով ու սպասելիքներով կիսվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:

«Այս տարի չանցկացվեց Երոպայի առաջնություն, փոխարենը Բաքվում կայացան առաջին Եվրոպական խաղերը: Քանի որ ընտրված ժամանակահատվածը խանգարում էր մեր ծրագրերին, մենք լավագույն կազմով չմասնակցեցինք այդ խաղերին: Այնուամենայնիվ, 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանի մասնակցությունը շատ հաջող էր, և նա պետք է կանգներ պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Սակայն մրցավարական սխալների պատճառով բավարարվեց արծաթե մեդալով», - ասել է Ջուլֆալակյանը:

Նրա խոսքով՝ մրցավարական և այլ պատճառներով մեդալների և օլիմպիական ուղեգրերի ցանկակի քանակը չապահովեցին Լաս Վեգասում կայացած 2015-ի աշխարհի առաջնությունում:

«Միհրան Հարությունյանը պետք է հանդես գար եզրափակչում և առնվազը նվաճեր արծաթե մեդալ: Սակայն թե կիսաեզրափակչում, թե բրոնզե մեդալի համար պայքարում նրան խանգարեցին մրցավարները: Մրցավարական կողմնապահություն եղավ նաև Արսեն Ջուլֆալակյանի հանդեպ: Արսենից սպասում էինք մեդալ, սակայն նա հենց առաջին գոտեմարտում հանդիպեց իր հիմնական մրցակից Ռոման Վլասովին: Արսենը, որ միշտ, բոլոր մրցակիցների հետ գոտեմարտելիս ակտիվ է լինում, այս էլ որերորդ անգամ Վլասովի հետ մրցելիս առաջինն է հայտնվում ծնկադիր դրությունում: Այս անգամ էլ մրցավարները գտան, որ նա է պասիվ: Իսկ նման հավասարազոր մրցակիցների պայքարում առաջինը վերևից աշխատելը մեծ առավելություն է: Բացի այդ, Վլասովի երկու միավորանոց հնարքը, չգիտես ինչու, գնահատեցին 4 միավոր: Մենք բողոքարկեցինք, բայց քանի որ մեր բողոք-պահանջը չբավարարեցին, ևս մեկ միավոր տրվեց Վլասովին: Իսկ նման մրցակցի հետ պայքարում 5 միավոր հետ բերելը դյուրին գործ չէ: Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, նա իդեալական գոտեմարտեր անցկացրեց և արժանիորեն երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն», - պարզաբանել է գլխավոր մարզիչը:

Պատասխանելով հարցին, թե քանի՞ հոգով է ի զորու հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մասնակցել 2016-ի օլիմպիական խաղերին, Ջուլֆալակյանը նշել է, որ իրենք ձգտելու են ձեռք բերել բոլոր 6 ուղեգիրը, սակայն ամեն ինչ ցույց կտա գորգը: Իսկ ավելի ստույգ՝ 4-5 հոգով մասնակցելը շատ իրական է:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է հավաքականը պատրաստվելու 2016-ի՝ Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային մրցաշարերին, օլիմպիական խաղերին՝ մարզիչը տեղեկացրել է, որ եկող տարն շատ հագեցած լինելու պատճառով որոշվել է Հայաստանի առաջնությունը անցկացնել օլիմպիական խաղերից հետո՝ աշնանը:

«2016-ի առաջին կարևոր ստուգատեսը՝ մարտի 8-12-ը Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, որին կսկսենք նախապատրաստվել դեկտեմբերի 13-26-ը Ծաղկաձորում կայանալիք հավաքով: Եվս մեկ հավաք էլ կանցկացնենք հունվարի 19-30-ը, որին կհաջորդի միջազգային մրցաշար՝ կամ Ֆրանսիայում, կամ Բուլղարիայում: Եվս երկու հավաք էլ կանցկացնենք Եվրոպայի առաջնությունից առաջ: Այնուհետև կսկսվեն վարկանիշային մրցաշարերը: Առաջինը կայանալու է Սերբիայում, ապրիլի 15-17-ը, որին մասնակցելու են միայն եվրոպացիները, և օլիմպիական ուղեգիր է շնորհվելու եզրափակիչ հասած ըմբիշներին: Հաջորդ վարկանիշային մրցաշարը տեղի է ունենալու Մոնղոլիայում: Այնտեղ կխաղարկվի 3 ուղեգիր: Եվ վերջին կանգառը լինելու է Ստամբուլը, որտեղ նույնպես կմասնակցեն ըմբիշներ ամբողջ աշխարհից: Այս վերջին մրցաշարում խաղարկվելու է երկու ուղեգիր», - հայտնել է Ջուլֆալակյանը:

Նա տաև տեղեկացրել է, որ Բացի նշված մրցումներից կլինեն ևս մի քանի մրցաշարեր, և նախատեսված է ընդհանուր թվով տասը ուսումնամարզական հավաք անցկացնել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---