Հանրաքվեին հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

Հանրաքվեին հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 26/29 ընտրատեղամասում հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել թիվ 26/29 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանից, որ Քասախ գյուղում տեղակայված թիվ 26/29 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կոտրել են քվեատուփը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տեղամասային հանձնաժողովի անդամը, ենթադրելով, որ հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների կողմից կատարվում է ընտրախախտում, վրդովվել է դրանից, քվեատուփը հարվածել է գետնին և կոտրել այն, ինչի հետևանքով շուրջ 30 րոպե խոչընդոտվել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը։

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

2015-ի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողով ստացել է թվով 78 տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ: Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողով ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

Դրանցից 296-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 3 դեպքով հարուցվել է քրեական գործ: Դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։

Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Կարդացեք նաև՝ Ընտրախախտումների 143 դեպքով նյութեր են պատրաստվում, 214-ով՝ քրգործեր են հարուցվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---