14 դեկտեմբերի 2015 - 15:18 AMT
Սև ծովում հերթական միջադեպն է տեղի ունեցել ռուսական և թուրքական նավերի մասնակցությամբ

Ռուսական ռազմանավերը պարտադրել են թուրքական առևտրային նավին փոխել երթուղին, քանի որ այն խանգարում էր «Չերնոմորնեֆտեգազ» ընկերության հորատման սարքերի տեղափոխմանը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին ընկերության հաղորդագրության վրա հղումով, հորատային սարքերը տեղափոխվում էին Օդեսայի գազի հանքավայրից ՌԴ տարածքային ջրեր: Նավերի քարավանի ճանապարհին հայտնվել է «անհայտ առևտրային նավ թուրքական դրոշով»:

«Խախտելով ծովում նավերի բախման կանխարգելման միջազգային կանոնները և նավագնացության համընդհանուր կանոնները, թուրքական նավը չի զիջել ճանապարհը և փորձ է արել կանգնել երթուղու ճանապարհին` միտումնավոր վթարային իրավիճակ ստեղծելով: Ռադիոփոխանակման թուրքական նավի նավապետը չի գնացել` չպատասխանելով ազդանշաններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այնուհետև նշվում է, որ «թյուրիմացությունը» վերացրել է ՌԴ ԴՍԾ «Պոգրանիչնի» պարեկային մոտորանավակը և Սևծովյան նավատորմի հրթիռային մոտորանավակը, որոնք պարտադրել են նավին փոխել կուրսն ու ընթանալ տրանսպորտային քարավանի համար անվտանգ ուղղությամբ:

Դեկտեմբերի 13-ին ռուսական «Սմետլիվի» պարեկային նավի անձնակազմը, որը գտնվել է հունական Լեմնոս կղզուց 22 կմ հեռավորության վրա` Էգեյան ծովի հյուսիսային հատվածում, նախազգուշացնող կրակ էր բացել կանխելու համար բախումը թուրքական սեյների հետ: «Էգեյան ծովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ ՊՆ փոխղեկավար Անատոլի Անտոնովը ՌԴ ՊՆ է կանչել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդին»,-ասել են նախարարությունում:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: