14 դեկտեմբերի 2015 - 19:05 AMT
Ադրբեջանի ԱԱՆ-ն լուծարվել է. Դրա հիմքի վրա ստեղծվել է 2 նոր ծառայություն

Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ երկրի ազգային անվտանգության նախարարության հիմքի վրա ստեղծվել է արտաքին հետախուզության ծառայությունը, որի ղեկավար է նշանակվել Օրհան Սուլթանովը և պետական անվտանգության ծառայությունը՝ Մադաթ Գուլիևի գլխավորությամբ:

Վերջինս ներկայումս երկրի ազգային անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնակատարն էր, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Նորաստեղծ երկու ծառայություններին հանձնարարվել է մեկ ամսում ներկայացնել կառույցների կառուցվածքի ու աշխատակիցների հաստիքների նախագծերը:

Դեկտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության 250 աշխատակից ազատվել է աշխատանքից: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ Մադաթ Գուլիևը հայտնել է, որ աշխատանքից ազատվածների փոխարեն դեռ նոր նշանակումներ չեն եղել և հավելել, որ ԱԱՆ-ում դեռ պետք է «կրճատումներ» տեղի ունենան։

Կառավարությանը հանձնարարվել է կառույցներին ֆինանսավորում հատկացնել 2015-2016-ին Ազգային անվտանգության նախարարությանը հատկացված բյուջեի հաշվին:

Սա նշանակում է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը դադարեցնում է գործունեությունը:

Նոյեմբերին Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարության 7 աշխատակից է ձերբակալվել (այդ թվում՝ նախարար Էլդար Մահմուդովը) ծառայողական դիրքը չարաշահելու, ներդրումային կառույցի աշխատանքին միջամտելու, քաղաքացիների իրավունքները խախտելու կասկածանքով: Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ հատուկ քննչական խումբ է ստեղծվել: