5 դեկտեմբերի 2006 - 18:33 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղի հարցով վերջին բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել
«Ես գտնում եմ, որ բանակցությունները (Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով. խմբագրի նշում), որ անցկացվել են վերջին ամսիներին, օգնեցին նշանակալի առաջընթացի հասնել` շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության, եւ անցել են կառուցողական մթնոլորտում»,- ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին: Նա կողմերին կոչ է արել շարունակել հետեւել ընտրած ուղուն:

Իր ելույթում չկարգավորված հակամարտություններին է անդրադարձել Լյուքսեմբուրգի արտաքին գործոց եւ միգրացիայի նախարար Ժան Ասելբորնը: «Վրաստանում լարվածության ուժեղացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումը, անջատողականությունը, այսպես կոչված հանրաքվեն եւ ընտրությունները Մերձդնեստրում եւ Հարավային Օսիայում խոչընդոտում են «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը»,- նշել է նա: Նա ողջունել է ԵԱՀԿ ջանքերը համաձայնության փնտրման մեջ: Նրա կարծիքով, ԵԱՀԿ-ն կարող է բարիդրացիական մթնոլորտ ստեղծել հակամարտությունների երկարաժամկետ կարգավորման որոնման համար, հայտնում է «Թրենդը»: