ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու Անկարայի փորձերն ապակառուցողական են

ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու Անկարայի փորձերն ապակառուցողական են

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի մասին Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են, վստահ է ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ կանի հնարավոր ամեն ինչ` ԼՂՀ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու համար։

«Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերն ապակառուցողական են և որևէ շարունակություն ունենալ չեն կարող»,-հայտարարել է Լուկաշևիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում` մեկնաբանելով Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան այցի ընթացքում դեկտեմբերի 4-ին անդրադարձել էր Կովկասում խաղաղություն հաստատելու Թուրքիայի ջանքերին, և նշել, թե իրենք մշտապես եղել են և լինելու են «եղբայրական Ադրբեջանի հողերը հետ ստանալու հարցում»: «Մի կոչ էլ Հայաստանին եմ ուղղում: Եթե վերադարձնեք Ձեզ չպատկանող հողերը, ապա կընդգրկվեք Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի խմբի մեջ: Մենք ոչ ոքի նկատմամբ թշնամական դիրքորոշում չունենք: Սակայն Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը հստակ է: Թուրքիան ցանկանում է ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Թուրքիան երբեք կողմ չի եղել մեկուսացմանը», - ասել է նա:

Եթե Թուրքիան իրոք ցանկանում է նպաստել խնդրի կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա բանակցային գործընթացից։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակված 64-րդ կառավարության ծրագրում ասվում է, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների «գրավմանը» վերջ տալու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թոթափման ուղղությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---