ԱՄՆ-ն վիզա տրամադրելիս կուսումնասիրի դիմողների էջերը սոցցանցերում

ԱՄՆ-ն վիզա տրամադրելիս կուսումնասիրի դիմողների էջերը սոցցանցերում

PanARMENIAN.Net - Մուտքի արտոնագրեր տրամադրելու գործընթացի ժամանակ ԱՄՆ իշխանությունը սոցցանցերում մարդկանց էջերը ստուգելու իրավունք ունի, երկուշաբթի հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Վիզաների տրամադրման գործընթացն անհատական մոտեցում է պահանջում, և Կ-1 (այսպես կոչված «հարսնացուի վիզա») վիզաները բացառություն չեն։ Պետդեպարտամենտը միակ գերատեսչությունը չէ, որը պատասխանատու է այդ գործընթացի համար։ Մենք աշխատում ենք նաև ներքին անվտանգության նախարարության հետ», -ասել է նա, հայտնում է SputnikArmenia-ն:

Նրա խոսքով` «եթե հյուպատոսության աշխատակիցը հարցազրույցի ընթացքում զգում է, որ օգտակար կլինի կամ անհրաժեշտ է ստուգել դիմորդի անձնական էջը, դա կարվի»։ Սակայն, ըստ նրա, ստուգումը կանցկացվի միայն անհրաժեշտության դեպքում։

Wall Street Journal թերթն ավելի վաղ հայտնել էր, որ «ներքին անվտանգության նախարարությունը մինչ որոշակի անձանց մուտքի արտոնագիր տրամադրելը սոցկայքերում հաղորդագրությունների ուսումնասիրման ծրագիր է մշակում»։ Հղում անելով «իրավիճակին քաջածանոթ անձին»` պարբերականը նշում էր, որ դեպքերի նման զարգացումը կապված է Սան Բերնարդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետ, երբ երկու չարագործները` Սայեդ Ռիզվան Ֆարուկն ու նրա կինը` Տաշֆին Մալիկը, սպանել էին 11 և վիրավորել 21 մարդու։ Քննիչներին հաջողվել էր պարզել, որ Մալիկը 2014 թվականին օրինական ճանապարհով է մուտք գործել ԱՄՆ։ Ընդ որում, սոցցանցերի էջերն ուսումնասիրելիս ակնհայտ էր դառնում, որ նա սերտ առնչություն ունի «Իսլամական պետություն» խմբավորման հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---