Reuters. ԻՊ-ն մտադիր է նավթային տարածքներ զավթել Սիրիայից դուրս

Reuters. ԻՊ-ն մտադիր է նավթային տարածքներ զավթել Սիրիայից դուրս

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է զավթել Սիրիայից դուրս խոցելի նավթային օբյեկտները, հայտնում է Reuters գործակալությունը բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի վրա հղումով: Սիրիայում ԻՊ գրոհայինները վերահսկում են նավթի և գազի հանքավայրերի 80 տոկոսը:

Ըստ աղբյուրի, խոսքը Լիբիայի և Սինայի թերակղզու նավթով հարուստ շրջանների մասին է, որոնք ԻՊ գրոհայինները մտադիր են գրավել: Պաշտոնյան նշել է, որ այժմ ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են խողովակաշարերին, ավտոբեռնափոխադրումների երթուղիներին և նավթային այլ օբյեկտներին այն վայրերում, որտեղ դրանք կարող են գրոհի ենթարկվել ահաբեկիչների կողմից: «Նրանք աչք են դրել Լիբիայի և այլ երկրների նավթային ակտիվների վրա: Մենք պատրաստ կլինենք դրան»,-հայտարարել է նա, հայտնում է Newsru.com-ը:

Ըստ ԱՄՆ իշխանությունների, ԻՊ-ն ամեն ամիս մոտ 40 մլն դոլար է ստանում նավթի մաքսանենգությունից, որի հիմնական մասը գնում է Ասադի կառավարությունը, մյուս մասը տեղափոխվում է Թուրքիա:

Ըստ Reuters-ի աղբյուրի, վերջերս գրոհայինների ծախսերն այս ոլորտում աճել են ԱՄՆ կողմից նավթով բեռնատարները ռմբակոծելու պատճառով:

Bloomberg գործակալության փորձագետները 2016-ի հնարավոր իրադարձությունների թվում նշել են նավթի գնի հնարավոր աճը մինչև 100 դոլար մեկ բարելի դիմաց: Ըստ վերլուծաբանների, իրադարձությունների նման զարգացում հնարավոր կլինի, եթե ԻՊ-ն քանդի Իրաքի նավթամուղերը, ինչը կհանգեցնի նավթի համաշխարհային առաքումների նվազման:

Ըստ The Financial Times-ի, նավթային հանքավայրերն ու բնակչությունից տուրքերի հավաքումը թույլ է տալիս ԻՊ-ին հարյուրավոր միլիոններ ծախսել սպառազինման վրա: Միայն անցյալ տարի ԻՊ-ն այդ ճանապարհով մոտ 900 մլն դոլար է ստացել, որից 600 մլն դոլարը ծախսվել է գրոհայինների սպառազինման վրա:

Ըստ հետազոտության հեղինակների, ԻՊ շարքերում կռվող գրոհայիններn ամսական 50-150 դոլար են ստանում` փորձաշրջանի ընթացքում, որից հետո տեղացիներին վճարում են ամսական 200-300 դոլար, իսկ օտարերկրյա վարձկաններին` 600 դոլար:

Ռուսաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 2-ին լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից: ՌԲԿ-ն հայտնում է, որ խոսքը մասնավորապես Թուրքիայի Դերթիյոլ և Իսկանդերուն նավահանգիստների մասին է:ՌԴ-ի ՆԳՆ-ի տվյալներով օրական թուրքական նավահանգիստներում բեռնաթափվում է առնվազն մեկ տանկեր նավթ:

Գրոհայինների հսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական սահմանի գրեթե 100 կմ-ոց հատվածը, որտեղով իրականացվում է մաքսանենգություն, նավթի վաճառք, զենքի, գումարի փոխանցում, հնագույն իրերի և սննդամթերքների տեղափոխում: Հոդվածում նշվում է, որ ԻՊ-ին ենթակա տարածքներով գրեթե անխոչընդոտ անցնում են ջիհադի կողմնակիցներն ինչպես Թուրքիայի, այնպես էլ հակառակ ուղղությամբ, հայտնում է Die Presse-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---