Իսպանական ՀՕՊ համակարգերն առնվազն 1 տարի կշարունակեն մնալ Թուրքիայում

Իսպանական ՀՕՊ համակարգերն առնվազն 1 տարի կշարունակեն մնալ Թուրքիայում

PanARMENIAN.Net - Իսպանիան որոշել է մեկ տարի ևս Թուրքիայում պահել իր 2 միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը և սպասարկող 130-հոգանոց անձնակազմը: Համակարգերն օգտագործվում են Թուրքիայի` Սիրիայի և Իրաքի հետ օդային սահմանների պաշտպանության համար: Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է իսպանական Europa Press լրատվական գործակալությունը:

Սակայն բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսի փոխանցմամբ` Իսպանիայի պաշտպանության նախարարությունն այս հարցը դեռևս պետք է քննարկի ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, մինչև դեկտեմբերի 20-նն ընկած ժամանակահատվածում, գրում է Razm.info-ն:

Իսպանական համակարգերը Թուրքիայում տեղակայվել են 2015-ի սկզբին՝ փոխարինելով նիդեռլանդական ստորաբաժանումներին, որոնք Թուրքիայի տարածքից դուրս են բերվել 2015-ի հունվարին: Դեռևս 2015-ի օգոստոսին, երբ հայտնի դարձավ, որ Գերմանիան ու ԱՄՆ-ն պատրաստվում են դուրս բերել իրենց համակարգերը Թուրքիայից, Իսպանիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են պահել Patriot-ները, սակայն միայն Իսպանիան չի կարող լիարժեք իրականացնել ծրագիրը:

2015-ի դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ կառույցը շարունակելու է ակտիվացնել իր մասնակցությունը Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության հարցում՝ տեղակայելով հակաօդային պաշտպանությունն ապահովող նոր ուժեր։

2015-ի հոկտեմբերին, ԱՄՆ-ն Թուրքիայից դուրս էր բերել 2013-ից այդ երկրում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Առավել վաղ Գերմանիան էր հայտարարել, որ 2016-ի հունվարին դուրս է բերելու Patriot ՀՕՊ համակարգերն ու դրանց անձնակազմերը Թուրքիայից:

Սակայն ՀՕՊ համակարգերի դուրսբերումից հետո Թուրքիայի օդային սահմանների պաշտպանությունն ապահովելու համար ԱՄՆ-ն նոյեմբերին «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայել էր F-15C կործանիչներ:

Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար ՆԱՏՕ-ի երկրներն այդ երկրի հարավային սահմանի մոտ բացազատել էին վեց միավոր Patriot համակարգեր դեռևս 2013-ին՝ այն բանից հետո, երբ Թուրքիան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ միջին ու մեծ բարձրություններում թիրախներ խոցելու ունակ ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով:

Թուրքիան չունի սեփական միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մրցույթ էր հայտարարվել դեռևս 2013-ին, որին մասնակցում էին նաև Patriot-ները: Սակայն թուրքերը նախ` մրցույթի հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը, այն էլ մի քանի անգամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---