Վարչապետն ընդունել է ԵՄ երկրների դեսպաններին. Քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը

Վարչապետն ընդունել է ԵՄ երկրների դեսպաններին. Քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին, դեսպանությունների ներկայացուցիչներին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարևորում են Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցության զարգացումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա և Հայաստանը հանձնառու է խորացնել ու ամրապնդել այն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով: Վարչապետը նշել է, որ 2015 թվականը ԵՄ-ի հետ ինտենսիվ փոխգործակցության տարի էր և այդ գործընթացի տրամաբանական հանգուցալուծումն էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ ինտենսիվ քննարկումների միջոցով կողմերը կկարողանան մինչև հաջորդ տարեվերջ համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, ինչը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և նոր ուղենիշներ կսահմանի փոխշահավետ համագործակցության համար:

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪‎Մոգերինի‬ն ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը:

Իր և դեսպանների անունից Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ոլորտային նախարարությունների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Դեսպանի խոսքով՝ ընթացիկ տարին հագեցած էր ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման համար, որն առանձնացել է բարձրաստիճան փոխայցելություններով ու նոր համաձայնագրի բանակցությունների մեկնարկով: Պյոտր Սվիտալսկին նշել է, որ բանակցությունները սկսվել են կառուցողական ու բարեկամական մթնոլոտում և արդեն իսկ համաձայնություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության, նաև քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ: Պարոն Սվիտալսկին վստահություն է հայտնել, որ գալիք տարին ևս կառանձնանա ԵՄ-ՀՀ հարաբերությունների արդյունավետ զարգացմամբ ու խորացմամբ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի հետագա բանակցություններին, դրանից բխող աշխատանքների կազմակերպմանը, ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը, ինչպես նաև նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը և այլ հարցերի, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի եվրոպական փորձագետների հետ համատեղ մշակված տնտեսական մրցակցությանը վերաբերող օրինագծերը ներկայում գտնվում են ՀՀ Ազգային ժողովում:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ իրավական ակտերը լրամշակվել են ԵԱՏՄ իրավական ակտերին համապատասխանեցնելու գործընթացի շրջանակում, լրացվել են հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի չարաշահումների և անբարեխիղճ մրցակցության գործողության դրսևորումները, ինչպես նաև նախատեսվել են տուգանքներ պետական մարմինների ու տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց նկատմամբ մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսական մրցակցության զարգացումն ու տնտեսական դաշտում թափանցիկության ապահովումը ՀՀ կառավարության գերակա նպատակներից մեկն է և գործադիրը շարունակելու է այդ ուղղությամբ լինել հետևողական: Դեսպան Սվիտալսկին կարևորել է տնտեսական մրցակցության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն ՀՀ-ում բիզնես միջավայրի հետագա բարելավմանը, ՀՀ-ԵՄ տնտեսական կապերի զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:

Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի մասին՝ վարչապետը տեղեկացրել է, որ դրա մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Կառավարության ղեկավարը կարևորել է օրենսգրքի մշակման ուղղությամբ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների հետ սերտ փոխգործակցությունը, ներկայացվելիք առաջարկությունների քննարկումն ու դրանց ընդգրկումը ընդունվելիք օրենսգրքում:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---