Պերմյակովի դատին Գյումրիում հնարավոր կլինի հետևել հատուկ վրաններից՝ ուղիղ հեռարձակմամբ

Պերմյակովի դատին Գյումրիում  հնարավոր կլինի հետևել հատուկ վրաններից՝  ուղիղ հեռարձակմամբ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին դատական դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարության ընթացակարգերի վերաբերյալ.

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Մովսեսյանի՝ 2015-ի դեկտեմբերի 9-ի «Դատական քննություն նշանակելու մասին» որոշմամբ քրեական գործով ըստ մեղադրանքի Վալերի Պավելի Պերմյակովի ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, դատական քննությունը նշանակվել է 2015-ի դեկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին:

«Դատական քննություն նշանակելու մասին» վերոնշյալ որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է հետևյալը. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում գնահատելով այն հանգամանքը, որ ամբաստանյալը ՌԴ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել և պատիժ է կրում ՌԴ կայազորային կալանատանը, գտնում ենք, որ այս գործով արտագնա դատական նիստ անցկացնելու պարագայում հնարավոր է արդյունավետ կերպով ապահովել ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստերին և այդպիսով երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը: Այլ խոսքով՝ այս գործով արտագնա դատական նիստի անցկացումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից և անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք է ստեղծում»:

102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել է10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

Արտագնա դատական նիստը տեղի կունենա ՌԴ 102-րդ ռազմակայանի թիվ 04436 զորամասում (հասցե`ք. Գյումրի, Մեծ Բերդ): Նշված վայրը հասանելի է տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև այդ ուղղությամբ գործում են հանրային տրանսպորտի միջոցներ:

Դատական քննությունը հրապարակային է, նիստը` դռնբաց, մուտքն ազատ է:

Դատական նիստին ներկա գտնվելու համար անձը՝

1. ՌԴ ռազմակայանի տարածք մուտք գործելիս ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչը՝ նաև մասնագիտական գործունեությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ:

2. ՌԴ ռազմակայանի տարածք, ինչպես նաև դատական նիստերի դահլիճ մուտք գործելիս ենթարկվում է զննման: Եթե հայտնաբերվեն իրեր, որոնց առկայությունը դատական նիստերի դահլիճում կարող է խախտել հասարակական կարգը կամ սպառնալիք ստեղծել դատավարությանը ներկա անձանց անվտանգության համար, ապա դրանք վերցվում և պահվում են այդ նպատակով նախատեսված վայրում:

Դատական նիստերի դահլիճում և դրանից դուրս դատավարության մասնակիցների անվտանգության ապահովումը և հասարակական կարգի պահպանումն իրականացվում է ՀՀ դատական կարգադրիչների ծառայության և ոստիկանության աշխատակիցների կողմից:

Դատական նիստերի դահլիճում տեղերի սահմանափակությունը հաշվի առնելով՝ տարածքում տեղադրվել է նաև երկու վրան: Վրաններից մեկը նախատեսված է լրատվամիջոցների, իսկ մյուսը՝ հասարակության ներկայացուցիչների համար:

Նշված վրաններում տեղադրված են հեռուստացույցներ՝ դատական նիստի ուղիղ հեռարձակումն ապահովելու նպատակով:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։

Կարդացեք նաև՝ Փորձաքննություն. Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունի, բայց մեղսունակ է

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---