6 դեկտեմբերի 2006 - 16:21 AMT
«ԱրմենՏելի» ձեռք բերումը դարձավ «ՎիմպելԿոմի» վերջին շրջանի խոշորագույն գործարքը
Տվյալ պահի դրությամբ դեռեւս որոշում չի կայացված Հայաստանի կառավարությանը պատկանող «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10 տոկոսի ձեռքբերման վերաբերյալ: Այդ մասին դեկտեմբերի 6-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «ՎիմպելԿոմ» ընկերության կորպորատիվ զարգացման գծով փոխնախագահ Վլադիմիր Ռյաբոկոնը: Նրա խոսքերով, անկասկած, «ՎիմպելԿոմին» ձեռնատու է ունենալ «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը, սակայն ներկայումս այդ հարցը քննարկման փուլում է: Նա նշել է, որ «ԱրմենՏելը» դարձավ «ՎիմպելԿոմի» վերջին շրջանի խոշորագույն գործարքը, ինչպես շահույթի տեսակետից, այնպես էլ բաժանորդների թվի ընդհանուր քանակի տեսակետից, գումարած տվյալ դեպքում ավելացած ֆիքսված կապի տարրը: Վլադիմիր Ռյաբոկոնը հայտարարել է նաեւ, որ Հայաստանում կապի ապամենաշնորհացման հարցում «ՎիմպելԿոմը» իր համար իրական սպառնալիք չի տեսնում: Ընդ որում նա հավելել է, որ այդ հարցի վերաբերյալ կա սկզբունքային պայմանավորվածություն: Ըստ նրա, ներկայումս ՀՀ կառավարության հետ համատեղ խորհրդակցություններ են ընթանում Հայաստանում կապի ապամենաշնորհացման նախապատրաստման եւ ժամկետների որոշման շուրջ: «Մենք ոչ մի վատ բան չենք տեսնում մրցակցության մեջ, քանի որ այդ գործոնն է, որ թույլ չի տալիս մեզ թուլացնել մեր ջանքերը եւ զարգացնել առաջարկվող ծառայությունները, բարելավել կապի որակը, ի վերջո մրցակցությունից շահում է սպառողը, ինչին էլ մենք ցանկանում ենք հասնել մեր գործունեության մեջ»,-նշել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: