Երևանում տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար վերելակներով ավտոբուսների թիվը հասել է 20-ի

Երևանում    տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար վերելակներով ավտոբուսների թիվը հասել է 20-ի

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում շահագործվող ևս 10 ավտոբուսում տեղադրվել են հատուկ կարիքներով անձանց հարմարեցված վերելակներ: Ծրագրի հերթական փուլի շնորհանդեսին մասնակցել են ՀԿ-ների ղեկավարներ, նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ավտոբուսների շահագործումից առաջ ուսումնասիրվել են շահառուների կարծիքներն ու առաջարկները: Այս նախաձեռնությունն ի սկզբանե դիտարկվել է որպես «Ավելի մատչելի Երևան» ծրագրի մի մաս: Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին սպասարկելու գործում կաջակցեն ավտոբուսների վարորդները, ովքեր վերելակները կիրառելու գործնական պարապմունքների են մասնակցել:

Ընտրված երթուղիները համաձայնեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ այն սկզբունքով, որ ծայրամասային համարվող թաղամասերում բնակվող հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու առավել հարմար հնարավորություն ունենան: Հարմարեցված ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ: Բացի այդ, ավտոբուսներում առկա է տվյալ երթուղու կարգավարական ծառայության հեռախոսահամարը, որով շահառուն կարող է տեղեկանալ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին:

Այսպիսով, հատուկ կարիքներ ունեցող, ինչպես նաև մանկասայլակներով անձանց տրանսպորտային տեղաշարժի համար վերելակներ ունեցող ավտոբուսների թիվը հասել է 20-ի:

2014-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ կարիքներ ունեցող անձանց տրանսպորտային տեղաշարժն ապահովելու նպատակով վերելակներ են տեղադրվել 10 ավտոբուսում:

Ծրագիրը կշարունակվի նաև 2016-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---