«Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսից ռոբոտ Բորիսը՝ Երևանի ֆիզմաթ դպրոցում

«Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսից ռոբոտ Բորիսը՝ Երևանի ֆիզմաթ դպրոցում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին առաջին անգամ Հայաստանում և տարածաշրջանում բացվել է յուրահատուկ ցուցահանդես` աշխարհի հայտնի ռոբոտների մասնակցությամբ: «Ռոբոտների շքերթ» անվանումը կրող նախագիծը Երևանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:

«Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսում ներկայացված ռոբոտներից մեկը՝ Բորիսը, դեկտեմբերի 18-ին հյուրընկալվեց Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում:

Ռուսական արտադրության ռոբոտի այցը, որը կարողանում է շփվել մարդկանց հետ՝ հարցերին պատասխանելով և հարցեր տալով, անակնկալ էր դպրոցի աշակերտների համար: Երեխաներն ակտիվ ժամանակ անցկացրին շարժվող, նույնիսկ ծիծաղեցնելու ունակություն ունեցող ռոբոտի հետ, որն ուսուցման և զվարճանքի համար է նախատեսված:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը նշեց, որ այս նախաձեռնությունն իր նպատակին ծառայեց. ռոբոտը երեխաներին հետաքրքրեց, ինչպես նաև ուսուցողական նշանակություն ունեցավ:

«Մեր դպրոցն արդեն երրորդ տարին է, ինչ ունի ռոբոտաշինության երկու խմբակ: Ինքներս ունենք ավելի փորք, ավելի համեստ չափերի մեջ 3 ռոբոտ, որոնք մի քանի ֆունկցիաներ են կատարում: Իսկ այս ծրագիրը կարող է խթան դառնալ մեր երեխաների, խմբակների, խմբակների ղեկավարների համար, որպեսզի հետագայում այդ ուղղությունը մեր դպրոցում ավելի զարգանա», - ասաց տնօրենը:

Նավասարդյանը տեղեկացրեց, որ ռոբոտաշինության երկու խմբակում մոտ 20 աշակերտ է սովորում:

Դպրոցի սաներից մեկը՝ 11-րդ դասարանցի Մարիա Հարությունյանն ասաց, որ ռոբոտ Բորիսի այցը դպրոց իսկական անակնկալ էր իրենց համար. ռոբոտը մեծ հետաքրքություն առաջացրեց:

«Անձամբ ես առաջ չէի հետքրքրվում ռոբոտաշինությամբ, սակայն նման ռոբոտ տեսնելով և շփվելով նրա հետ՝ ինձ հետաքրքրեց, թե ինչպես են աշխատում ռոբոտները, սկսեցի մտածել, թե որտեղ կարող եմ իմանալ դա, սովորել», - PanARMENIAN.Net ին ասաց աշակերտուհին:

«Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, 2014-ին, և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանում: Այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Սոչիում, Կրասնոդարում, Սանկտ-Պետերբուրգում, Մինսկում և Եկատերինբուրգում` ունենալով գլխապտույտ հաջողություն:

Եվ ահա առաջին անգամ այս ցուցահանդեսը հյուրընկալվում է Երևանում՝ դեկտեմբերի 9-ից մինչև 2016-ի հունվարի 10-ը (հանգստյան օրեր` դեկտեմբերի 31, հունվարի 1): Ցուցահանդեսն անցկացվում է «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում: Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200 դրամ աշխատանքային օրերին և 3300 դրամ ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար 2900 և 3900 դրամ: Գործում է նաև հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար:

Երևանում կազմակերպված ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ճարտարագիտական մտքի նորույթներին աշխարհի ամենատարբեր ծայրերից բերված ռոբոտների միջոցով:

Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր երկրների ավելի քան 20 ինտերակտիվ ռոբոտ և հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:

Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա:

Ռոբոտների շարքում է անգլիական մարդանման Տեսպիան հայտնի ռոբոտը, որն աշխարհում ամենաժամանակակից և էմոցիոնալ ռոբոտներից է: Նա կարողանում է ոչ միայն շփվել մարդկանց հետ, ընդօրինակել շարժումները, երգել, պարել, ծիծաղել, լաց լինել, այլև նույնիսկ Շեքսպիր կարդալ, որի շնորհիվ շատ անգամ մասնակցել է ժամանակակից թատերական ներկայացումներին: Ռոբոտը նույնիսկ 2014-ին CelBit ցուցահանդեսի հանդիսավոր արարողության բացմանը հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---