Ընտրախախտումների դեպքերով 34 քրգործ է հարուցվել

Ընտրախախտումների դեպքերով 34 քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - 2015-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է ևս 3 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու և քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ։

1. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեկտեմբերի 17-ին ստացվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը՝ թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու ահազանգի հիման վրա։

2015թ. դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեարկել, իսկ հանձնաժողովը չի արձանագրել խախտումը:

Ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնց համաձայն՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, մոտենալով թիվ 8/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մայիս Հարությունյանին, կնքելու համար վերջինիս է տվել իր անձնագիրը և քվեածրարը, որի ժամանակ Մ.Հարությունյանը, պարզելով, որ նշված անձի անձնագրում արդեն իսկ առկա է դրոշմակնիք, կանչել է հանձնաժողովի նախագահ Արա Էդիկի Դադայանին: Նույն պահին Մ.Հարությունյանին մոտեցած անձը, վերցնելով անձնագիրը, շտապ հեռացել է ընտրատեղամասից: Նշված փաստն Ա.Դադայանի կողմից արձանագրվել է թիվ 8/25 ընտրատեղամասի գրանցամատյանում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

2.Դեկտեմբերի 14-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է «hetq.am» տեղեկատվական հարթակում տեղադրված «Ինչպես «այո»-ի քվեաթերթիկներն ավելացան ընտրատեղամասի հոսանքազրկումից հետո» վերտառությամբ հրապարակումը:

Հրապարակման հիման վրա քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։ Պարզվել է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ժամի ավարտից հետո՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/14 ընտրատեղամասում ձայների հաշվարկի ընթացքում, տեղամասը հոսանքազրկվել է, որի ժամանակ, դեռևս չպարզված անձի կողմից, տեղի է ունեցել քվեարկության արդյունքները կեղծելու դեպք` սեղանին դրված քվեաթերթիկների վրա նոր քվեաթերթիկներ ավելացնելու եղանակով: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բավարար հիմքեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեկտեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով։ Միաժամանակ, որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։

3. Դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի տեղեկատվական հարթակում տեղադրված հրապարակումն առ այն, որ թիվ 07/01 ընտրատեղամասի դիտորդ Քեթքարթ Ուիլը նկատել է, որ 2 քույրերը` Հռիփսիմե և Գայանե Հովսեփյանները, եկել են քվեարկության, սակայն նրանց անվան դիմաց եղել են ստորագրություններ: Հանձնաժողովը խախտումը չի արձանագրել:

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Հռիփսիմե Հովսեփյանը հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, քվեարկությանը մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի թիվ 7/01 ընտրատեղամաս և նկատել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է եղել, սակայն անձնագրի սերիա և համար չի եղել: Հանձնաժողովի անդամներից մեկին տեղյակ է պահել այդ մասին, ով մի փոքր անց տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով։ Միաժամանակ որոշում է կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՔԾ ուղարկելու մասին:

Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 2 քրեական գործ՝ հարուցված ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշ բաժնի կողմից՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։

Քրեական գործերի հարուցման առիթ են հանդիսացել «galatv.am» տեղեկատվական հարթակում տեղադրված «Բացակա անձինք շարունակում են ակտիվորեն մասնակցել քվեարկությանը» և Civilnet.am տեղեկատվական հարթակում հրապարակված «Գյումրի. Բացակա հարազատներդ արդեն «քվեարկել են» վերտառությամբ նյութերը։

ԶԼՄ-ների ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանության բաժնում քրեական գործեր են հարուցվել թիվ 34/01 և թիվ 34/19 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Քրեական գործերը դեկտեմբերի 18-ին մուտք են եղել Շիրակի մարզային քննչական վարչություն և քննիչների կողմից ընդունվել վարույթ։

Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական ստորաբաժանումների վարույթում դեկտեմբերի 18-ի դրությամբ քննվում է 26 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվերակելու դեպքերի վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված ևս 8 քրեական գործ (5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով) ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---