ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնին

PanARMENIAN.Net - Արդեն երրորդ տարին Արագածոտնի մարզի Կոշ համայնքում գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ հիմնված «Արմենակ և Աննա Թադեոսեանների» անվան մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը` կահավորված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գույքով:

Վերջին երկու տարիներին կենտրոն հաճախող թվով 20 երեխաների ֆինանսական ծախսերի զգալի մասը հոգում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ծառայությունը հասանելի դարձնել սոցիալապես անապահով ընտանիքների մտավոր և ֆիզիկական սահմանափակ կարողություններով երեխաներին:

«Բարի արարքները մարդկության գլխավոր նպատակին հասնելու՝ կյանքը յուրաքանչյուրի համար ավելի լավը դարձնելու, ուղին են: Կա՞ արդյոք առավել թանկ զգացում ծնողի համար, քան երեխաներին առողջ ու երջանիկ տեսնելը: Աջակցելով այս երազանքի իրագործմանը՝ կարող ենք աշխարհը մի փոքր ավելի բարի դարձնել: Մեր մասնակցությունն այս ծրագրին պայմանավորված է այն համոզմունքով, որ ծնողները չպետք է միայնակ լինեն իրենց հասակակիցներին զարգացման մեջ զիջող երեխաների մասին հոգ տանելու հարցում: Ընդամենը պետք է օգնության ձեռք մեկնել անմնացորդ նվիրված ծնողներին՝ իրենց երեխաների զարգացման առաջընթացը տեսնելուն ուղղված ամենօրյա ջանքերը հաջողությամբ պսակված տեսնելու համար: Արժե ամեն ինչ անել, որպեսզի ծնողական երջանկության հնարավորություն տալ հայրերին և մայրերին, ովքեր անցնում են հույսի ու հուսախաբությունների ճանապարհով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Երեխաների տեղափոխումը տանից դեպի վերականգնողական կենտրոն իրականացվում է հարմարավետ ավտոբուսներով: Կենտրոնում երեխաներն անցնում են վերականգնողական թերապիա, ապահովվում են երկանգամյա սնունդով, ինչպես նաև կազմակերպվում է նրանց ժամանցը և տեղափոխումը տուն: Ցերեկային ստացիոնարը իրականացվում է 09:00-ից մինչև 18:00, շաբաթը՝ 5 օր:

Վերականգնողական և խնամքի ծառայութուններ ստանալուն զուգահեռ երեխաները կենտրոնի ընդարձակ խաղասենյակում մասնակցում են խմբային խաղերի և հանգստանում իրենց համար հարմարեցված ննջասենյակներում: Ծրագիրը խթանում է երեխաների մտավոր ունակությունների զարգացումը, ֆիզիկական կարողությունների վերականգնումը, ադապտացումը շրջապատող միջավայրում, ինքնուրույնության ձեռք բերումը կամ ամրապնդումը: «Արմենակ և Աննա Թադեոսեանների» անվան մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնն իր ծառայությունները տրամադրում է ինչպես Արագածոտնի մարզի, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներից (մասնավորապես Երևանից և Գյումրիից) ժամանած հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր առողջական լուրջ խնդիրների հետևանքով դուրս են մնացել կրթական կամ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվելու գործընթացից:

2013-2015 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնին է տրամադրել ավելի քան 43 միլիոն դրամի աջակցություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---