21 դեկտեմբերի 2015 - 11:52 AMT
ԱԺ նախագահ. Եթե Բաքուն չի հասկանում բանակցությունների լեզուն, պատրաստ ենք բացատրել այլ լեզվով

Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստը սկսելուց առաջ անդրադարձել է վերջին օրերին սահմանում ստեղծված լարված իրավիճակին, երբ հակառակորդը տարբեր կողմերից դիվերսիոն հարձակումներ է կատարում:

«Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների: Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված տալով, հակառակորդին հասցնելով կորուստներ, նրան հետ է շպրտել ելման դիրքեր:

Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է դավադիր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաև այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ ու զինված ուժերը բազմիցս ապացուցել են և որը շատ ավելի ցավագին կլինի նրանց համար: Ցավոք հակառակորդի վերջին դիվերսիաների հետևանքով ունենք նաև կորուստներ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կամքով պաշտպանեցին հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը», -հայտարարել է Գալուստ Սահակյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքից հետո խորհրդարանի դահլիճում մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները, որի ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև զրահատեխնիկա` տանկեր: Ըստ հաստատված տվյալների՝ միայն անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է առնվազն 13 զոհ և երեք տասնյակից ավելի վիրավորներ:

Դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն:

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցային ճանապրհով, հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդիե Բուրկհալթերը Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: Նա «կոչ է արել հակամարտության կողմերին ամրապնդել երկխոսությունն ու հրաժարվել բռնությունից և սադրանքներից»: Ըստ նրա, Շվեյցարիան պատրաստ է սատարել «երկխոսության զարգացման ջանքերին` հյուրընկալելով հանդիպումներն ու փորձագետներ տրամադրելով.: