Լավրովը մտադիր է հանդիպել Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահի հետ

Լավրովը մտադիր է հանդիպել Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարող է հանդիպել Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշի հետ: Այս տեղեկությունը հաստատել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այդպիսի հանդիպում պլանավորվում է»,-ասել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում:

Ավելի վաղ ինքը Դեմիրթաշը հայտնել էր, որ մտադիր է այցելել Մոսկվա և հանդպել ԱԳ նախարար Լավրովի հետ:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին երկրի հարավ-արևելքում 4 օր տևած գործողության ընթացքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 110 գրոհայինների ոչնչացման մասին: Այդ մասին հայտնել էր Anadolu գործակալությունը ռազմական աղբյուրի վրա հղումով:

Իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները: Հակաահաբեկչական գործողությանը մասնակցում է մոտ 10 հազար զինվորական և ոստիկան:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Վերջին 4 ամսում քուրդ գրոհայիններն իրենց հերթին ոչնչացրել են ավելի քան 180 ոստիկան, զինվորական, քաղաքացիական անձ:

Հուլիսի 24-ից սկսած Թուրքիայի ՌՕՈւ-ն ռմբակոծում է ՔԱԿ դիրքերը Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում:

Ավելի վաղ ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բագդասարովը հայտարարել էր, ՌԴ-ն պետք է սկսի աջակցել քրդերին` ապահովելով զենքով ու տեխնիկայով: Որովհետև, եթե Թուրքիան որոշի լրջորեն մտնել Սիրիայի տարածք, առաջինը հարվածի տակ կհայտնվեն քրդերը, որի ելքից կախված կլինի պատերազմի հետագա ընթացքը:

«Այս իրավիճակում կասկած չկա, որ պետք է աշխատել քրդերի հետ: Եթե թուրքական կողմից սիրիական սահմանը խախտվի, ամեն ինչ շատ վատ ընթացք կստանա սիրիական բանակի համար, քանի որ միայն ՌԴ օդուժը չի կարողանա այդ հարձակումը կասեցնել: Իսկ քրդերին օգնել կարելի է և պետք է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---