Ավետիսյանների իրավահաջորդների պաշտպան. Պերմյակովը հոգեկան լուրջ խնդիրներ ունի

Ավետիսյանների իրավահաջորդների պաշտպան. Պերմյակովը հոգեկան լուրջ խնդիրներ ունի

PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը մեղսունակ անձ է, այսինքն՝ նա կարող է պատիժ կրել և պետք է կրի, բայց դրա հետ մեկտեղ՝ ունի լուրջ հոգեկան խնդիրներ: Այս մասին ասել է տուժող կողմի իրավահաջորդի շահերը պաշտպանող փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Երբ նա զորակոչվել է, 8 անգամ հոգեբուժական տարբեր բաժանմունքներում է եղել՝ դա հաստատված փաստ է, նա 8 անգամ փախուստի է դիմել՝ մինչ Հայաստան տեղափոխվելը, գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, նրան արգելվել է զենք կրել», - մանրամասնել է փաստաբանը:

Դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Գումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Արտագնա դատական նիստը վարում էր մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը: Նիստը տեղի էր ունենում ՌԴ 102-րդ ռազմակայանի թիվ 04436 զորամասում:

Նիստի ընթացքում Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները տեղեկություններ են հայտնել այն մասին, որ Վալերի Պերմյակովը «Օդնոկլասսնիկ» սոցիալական ցանցում խումբ է բացել, որի մեջ եղել է 54 անդամ, նա այդ խմբում գրառում է արել, թե «պայմանագիր է կնքել սատանայի հետ», ծառայելու է սատանային, հրաժարվում է մկրտությունից և սատանային կզոհաբերի մի քանի կանանց ու տղամարդկանց:

«Իմ համար առնվազն նրա սատանիստ լինելու հանգամանքը արդեն իսկ խոսում է նրա մասին, որ նա ի վիճակի էր կատարելու և հենց էդ պայմաններից ելնելով կարող էր կատարել, առավել ևս՝ եթե ուսումնասիրենք նրանց գաղափարախոսությունը, կտեսնենք, որ նրանք իրականում զոհաբերում են մանկահասակ երեխաներ », - նշել է Սահակյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հարցին՝ «այսինքն, կարծում եք, որ շարժառիթը հենց դա՞ է», փաստաբանը պատասխանել է․

«Շարժառիթը, կարծում եմ, լրիվ այլ է եղել, բայց երբ արդեն հանցագործությունը ընթացքի մեջ է եղել, սա պայման է հանդիսացել, որ ինքը կարողացել է դա անել: Որովհետև երբ անձը մտնում է բնակարան, հասկանալի է՝ նա ի սկզբանե դիտավորություն չի ունենում, որ մտնի ու 7 հոգու սպանի, բայց արդեն հետո, բայց եթե նա հոգեկան նորմալ վիճակում լիներ, եթե իր այդ գաղափարախոսության կրողը ինքը չլիներ, տեսնելով, որ էնտեղ մարդիկ կան, արթանացան՝ որևէ խոչընդոտ չկար, որ ուղղակի թողներ և հեռանար: Եվ հոգեբույժներն ու հոգեբանները շատ երկար հենց էս հարցադրման վրա էին կանգնում և նրան բազմաթիվ հարցեր էին տալիս, թե՝ «լավ, ինչո՞ւ չհեռացար, վերջին հաշվով՝ զենքը քո ձեռքում էր, ինչո՞ւ վախեցար»․․․ Այսինքն՝ նրանք վերջնական հաշվով եկել են հետևության, որ, այո, հենց էդ հոգեկան իր վիճակով է պայմանավորված եղել»:

Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, որը Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ է և գործով ներգրավել է բոլորովին վերջերս, դատարանին միջնորդեց հետաձգել նիստը 30 օրով: Դատավարության հաջորդ նիստը կկայանա հունվարի 18-ին:

Կարդացեք նաև՝ Փորձաքննություն. Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունի, բայց մեղսունակ է

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---