21 դեկտեմբերի 2015 - 21:06 AMT
Սերժ Սարգսյան. Պետք չէ բացառել, որ Ադրբեջանը տանկեր է կիրառում դրսի հուշումով կամ աջակցությամբ

Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է կոնֆլիկտի սրացմանը, և, ցավոք, Դուշանբեի նստաշրջանից հետո իրավիճակը ոչ միա չի կայունացել, այլև ավելի լարված բնույթ է ստացել։

Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում իր ելույթում:

«Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ․ հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, ինչը լարվածությունը բարձրացնում է նոր և շատ վտանգավոր մակարդակի։ Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձևավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ», - ասել է նա:

Ադրբեջանը վերջին շրջանում, մասնավորապես՝ Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, կրկին ինտենսիվացրել է հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում: Շեշտակի աճած գնդակոծություններին, ականանետերի ու նռնականետերի կիրառմանը զուգահեռ, Ադրբեջանը մի քանի դիվերսիոն ներթափանցման փորձեր է կատարել շփման գծի տարբեր ուղղություններում, որոնց հետևանքով երկու կողմերը կրել են զոհեր:

Բացի այդ, Ադրբեջանը զինադադարից առաջին անգամ սկսել է տանկեր կիրառել. դեկտեմբերի 13-19 ընթացքում գրանցեվել է երեք նման դեպք, իսկ դեկտեմբերի 20-21-ին Հադրութի ուղղությամբ կիրառվել է 122-մմ հաուբից-հրանոթ: