40 միլիոն դրամ՝ Երևանում ամանորյա միջոցառումներին

40 միլիոն դրամ՝ Երևանում ամանորյա   միջոցառումներին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը, որով տրվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որց տոնածառի լույսերը վառվել են նաև 12 վարչական շրջանում, իսկ միջոցառումները մայրաքաղաքի կենտրոնում և համայնքներում շարունակվելու են մինչև հունվարի 13-ը:

Քաղաքապետը նշել է, որ տոնական զարդարանքը 2014-ի հետ համեմատ փոխվել է, պուրակները, փողոցները ձևավորվել են այլ զարդերով: Փոխվել են նաև տոնածառի խաղալիքները:

Անդրադառնալով քննադատություններին, որոնք ամեն տարի հնչում են քաղաքապետարանի հասցեին՝ երկրի սոցիալական վիճակին ոչ համարժեք գումարները զարդարանքի վրա ծախսելու հետ կապված, Մարգարյանն ասել է, որ տոնական բոլոր միջոցառումների անցկացման վրա իրենք նախատեսել են 40 միլիոն դրամ, բայց դիմել են բարերարներին, որպեսզի բոլոր ծախսերը իրականացնեն նրանք:

2014-ին Երևանի համայնքային բյուջեից մոտ 48 մլն դրամ է հատկացվել Երևանում Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար:

«Սոցիալական խնդիր, այո, կա, բայց մենք պետք է անջատենք սոցիալական հարցերի համար տրված ու տոնական միջոցառումների համար հատկացված գումարները, իսկ դրանք տարբեր են: Ամեն դեպքում մենք խնդրել ենք բարերարներին մեզ աջակցել: Հիմնական գումարները տրամադրել են բարերարները: 40 միլիոն համայնքային բյուջեով նախատեսված է, բայց դա չի նշանակում, որ ամբողջը ծախսվելու է: Եթե բարերարների կողմից տրված գումարները չբավարարեն, ապա նոր կծախսենք բյուջեից», - պարզաբանել է քաղաքապետը, գրում է Tert.am-ը:

Հանրապետության տոնածառն ունի 32 մետր բարձրություն, ձևավորված է մոտ 6.000 սոճու ճյուղով: Մայր տոնածառը զարդարված է 500 խաղալիքով և 38.000 լուսադիոդային լամպով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---