Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում տուժածները դուրս են գրվել. Քննարկվում է նրանց Երևան տեղափոխումը

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում տուժածները դուրս են գրվել. Քննարկվում է նրանց Երևան տեղափոխումը

PanARMENIAN.Net - Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներից չորսը, որոնք դեռևս շարունակում էին բուժումը Ռուսաստանի Դաշնությունում, ապաքինմամբ դուրս են գրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նրանք վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագտեների հսկողության տակ: Այժմ քննարկվում է նրանց Երևան տեղափոխելու մանրամասները:

Մոսկվա-Երևան երթուղու վթարի արդյունքում տուժածներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, դեկտեմբերի 14-ին տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Տուժածի տեղափոխման կազմակերպմանն աջակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Երկու տուժած մասնագիտական բժշկական օգնություն էին ստանում Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում:

Վթարից տուժած մի քաղաքացու հարազատների ցանկությամբ բուժումը շարունակվում էր Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսինը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում:

Մոսկվա-Երևան երթուղու վթարից տուժած ՌԴ-ում գտնվող բոլոր հիվանդների բուժումը գտնվում է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո: Տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը շարունակում է համակարգել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Ավտոբուսի վթարի հիմնական վարկածն այն է, որ վարորդը` 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, գերազանցել է արագությունը:

Ըստ ՌԴ-ի ոստիկանության` ավտոբուսի վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը: Նախնական տվյալներով` վարորդը զգալիորեն գերազանցել է արագույթունը ճանապարհի այն հատվածում, որտեղառավելագույն թույլատրելի արագությունը սահմանված է 70 կմ/ժ: Ըստ քննիչների` վթարի պահին ավտոբուսի արագությունը կազմել է 117 կմ/ժ:

Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---