ՀՀԿ խմբակցության ղեկավար. ՀԱՊԿ-ի մոտեցումը ՀՀ անվտանգության խնդիրներին անընդունելի է

ՀՀԿ խմբակցության ղեկավար.  ՀԱՊԿ-ի մոտեցումը ՀՀ անվտանգության խնդիրներին  անընդունելի է

PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանի հանրության, ռազմաքաղաքական ղեկավարության համար արդեն անընդունելի է ՀԱՊԿ-ի մոտեցումը Հայաստանի անվտանգության խնդիրներին:

«Մենք ձևական բնույթի որևէ գործակցություն ճիշտ չենք համարում և ուզում ենք, որ այդ ամեն ինչը լինի իրական և իրատեսական», - ասել է Բաղդասարյանը:

Նա նկատել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում աննախադեպ քննադատության է ենթարկել ՀԱՊԿ-ն՝ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում կազմակերպությունը չի կիրառում իր կանոնադրության համապատասխան հոդվածը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀՀ նախագահը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ասել է. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:

Բաղդասարյանի խոսքով` Մոսկվայում Սարգսյանը կոչ է արել՝ իրագործել ՀԱՊԿ կանոնադրությունում գրվածը: «ՀԱՊԿ-ը հենց կոչված է իրենց պարտականությունները կատարելու համար և իրոք մենք թղթի վրա շատ գեղեցիկ տողերով նշել ենք, որ որևէ մի երկրի պրոբլեմը դա ՀԱՊԿ-ի պրոբլեմն է և պարզապես դա մնացել է միայն թղթի վրա», - եզրափակել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Կարդացեք նաև՝ Սերժ Սարգսյանը քննադատել է ՀԱՊԿ-ը դաշինքի մոսկովյան գագաթնաժողովի ընթացքում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---