23 դեկտեմբերի 2015 - 10:15 AMT
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

Դեկտեմբերի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ (58 արկ), 82 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը շփման գծում շարունակվել են զինված բախումները: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի հրթիռային կայանքներ (8 արկ), 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (16 արկ), ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ քայլերը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում հայտարարել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում, մասնավորապես՝ Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, կրկին ինտենսիվացրել է հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում: Շեշտակի աճած գնդակոծություններին, ականանետերի ու նռնականետերի կիրառմանը զուգահեռ, Ադրբեջանը մի քանի դիվերսիոն ներթափանցման փորձեր է կատարել շփման գծի տարբեր ուղղություններում, որոնց հետևանքով երկու կողմերը կրել են զոհեր:

Բացի այդ, Ադրբեջանը զինադադարից առաջին անգամ սկսել է տանկեր կիրառել. դեկտեմբերի 13-19 ընթացքում գրանցեվել է երեք նման դեպք, իսկ դեկտեմբերի 20-21-ին Հադրութի ուղղությամբ կիրառվել է 122-մմ հաուբից-հրանոթ: