Anonymous-ի հաքերները կիբերպատերազմ են հայտարարել Թուրքիային

Anonymous-ի հաքերները կիբերպատերազմ են հայտարարել Թուրքիային

PanARMENIAN.Net - Anonymous-ի հաքերները հայտարարել են թուրքական կառավարության դեմ լայնածավալ կիբերպատերազմ սկսելու մասին` մեղադրելով Անկարային ահաբեկչական «Իսլամական պետությանը» սատարելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Sputnik-ի վրա հղումով:

Տեսաուղերձում, որը զետեղվել է Anonymous-ին պատկանող YouTube-ի ալիքում, հաքերները հայտարարել են, որ «Թուրքիան սատարում է ԻՊ-ին նավթ գնելով նրանից և բուժելով գրոհայիններին իր հոսպիտալներում»: «Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանն առաջիկայում ևս աջակցի ԻՊ-ին»,-ասվում է ուղերձում:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հատուկ ճեպազրույցում ներկայացրեց հետախուզական տվյալներն ու ֆոտոնյութերը, որոնք հաստատում են Թուրքիայի նախագահ Էրդողանի ակտիվ մասնակցությունը ԻՊ նավթային բիզնեսին Սիրիայում և Իրաքում: ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ չունի Էրդողանի անմիջական մասնակցության ապացույցներ, խոստովանելով սակայն, որ ԻՊ նավթն իրոք հատում է Թուրքիայի սահմանը և կարող է հայտնվել տեղի շուկայում: Անցած շաբաթ խումբը գրոհել է մոտ 40 հազար վեբ-կայք Թուրքիայի ամբողջ տարածքում:

Anonymous-ի հայտարարությունն ընթերցող խմբի անդամը զգուշացրել է, որ «եթե Թուրքիան չդադարեցնի աջակցությունն ԻՊ-ին, նրա մասնակիցները կշարունակեն գրոհել թուրքական ինտերնետը, սերվերները, բանկերը, կառավարական կայքերը, սերվերների գրոհներից հետո, նրանք կգրոհեն Թուրքիայի օդանավակայաններն ու ռազմական օբյեկտները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը «Իսլամական պետության» հետ կապված թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցներ կարող է սահմանել: Այդ մասին ՄԱԿ ԱԽ նիստից հետո հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Դեկտեմբերի 17-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ֆինանսների նախարարներն ընդունել են նոր բանաձև, որն ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման աղբյուրների սահմանափակմանը: Մասնավորապես առաջարկվում է` սառեցնել ակտիվները, արգելել մուտքն ու տարանցումը, կանխել սպառազինության ուղիղ և անուղղակի առաքումներն այն անձանց և կազմակերպություններին, որոնք կընդգրկվեն ԱԽ պատժամիջոցների ենթակաների ցանկում:

Anonymous-ը միջազգային հաքերների խումբ է, որը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքեր, որոնք, ըստ հաքերների, գործում են ի վնաս համացանցում ինֆորմացիայի ազատ գոյությանն ու տարածմանը: Anonymous-ը խմբակցություն չէ, քանի որ բաց է և մշտական անդամներ չունի։ Հաքերները միշտ գործում են միևնույն սխեմայով՝ օգտագործելով շատ պարզ համակարգչային ծրագիր՝ LOIC, որը թույլատրում է DDOS հարձակումներ կատարել։

Anonymous-ները հիմնականում միավորվում են հաքերական ֆորումներում: Նախ պայմանավորվում են առաջիկա հարձակման մասին, այնուհետև հավաքվում մասնակիցների, միմյանց հետ կապ պահպանում ու հարձակվում նախապես պայմանավորված ժամին։ Նրանց աշխատանքից հետո հարձաման ենթարկված կայքերը դադարում են աշխատել, անգամ այնպիսի կայքեր, ինչպիսին է Պենտագոնի պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---