23 դեկտեմբերի 2015 - 16:04 AMT
ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագիր՝ ՀՀ և ՌԴ միջև

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին: Այն ստորագրել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպման ավարտին, հայտնում է Ինտերֆաքսը:

Շոյգուն, անդրադառնալով թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի կործանմանը, շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊՆ ղեկավարին ցավակցական խոսքերի համար` Սիրիայում ռուս զինվորականների մահվան կապակացությամբ: «Դուք առաջինն էիք, որ արձագանքեցիք այդ մեծ ողբերգությանը»,-ասել է նա:

Ըստ Շոյգուի գնահատականի, ՌԴ և ՀՀ ռազմական գործակցության 2015 թ. ծրագիրը կատարված է ամբողջությամբ «և զորավարժությունների, և մասնագետների պատրաստման, և սպաների լրացուցիչ ընդունելության մեր ուսումնական հաստատություններում, և ռազմատեխնիկական մասով»:

Ավելի վաղ, խոսելով համաձայնագրի մասին, ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ՀՕՊ միացյալ համակարգը կովկասյան տարածաշրջանում անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կտա երկու երկրներին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նոր համաձայնագիրը կկիրառվի ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, Տոնոյանն ասել էր. «Վստահ եմ, որ ոչ մի հիմք չկա կասկածի տակ դնելու համար ԼՂՀ ՊԲ ՀՕՊ միջոցների և ուժերի արդյունավետությունը»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում 20-ից ավելի հարց կա` համագործակցության տարբեր ուղղություններով:

Երկկողմ հանդիպումներ են նախատեսված նաև Բելառուսի պաշտպանության նախարարի, ինչպես նաև Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:

Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Կովկասում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծելուց հետո նախատեսվում է դրանց միջև կատարել ինֆորմացիա փոխանակում և մարտական հերթապահություն կազմակերպել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում, որը գործում է դեռևս 1995 թվականից, և հենց այս համակարգի կազմում է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն խումբը (Երևանի «Էրեբունի» օդանավակայան): Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր: