24 դեկտեմբերի 2015 - 11:03 AMT
ԱՊԼ ԱԳ նախարարները կքննարկեն թուրքական զորքի ներկայությունն Իրաքում

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ԱԳՆ ղեկավարները Կահիրեում արտահերթ նիստ են գումարում` քննարկելու համար թուրքական զորքերի ներկայությունն Իրաքում:

Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: Զորակազմում ներգրավվծ է նաև զրահատեխնիկա: Բաղդադը գնահատել է դա որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ:

«Արտահերթ նիստը, որը գումարվել է Իրաքի խնդրանքով, կմեկնարկի դեկտեմբերի 24-ին տեղի ժամանակով 14:00-ին»,-հայտնել են ՌԻԱ Նովոստի գործակալությանը ԱՊԼ քարտուղարությունում:

Իրաքի ԱԳՆ-ն և ՊՆ-ն թուրքական զորքի ներխուժումն անվանել են «թշնամական գործողություն»: Խոսքը մոտ 150 զինծառայողի մասին է:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը շարունակելու է Իրաքի Նայնավա նահանգի Բաշիքա ճամբարից թուրքական զորքերի դուրսբերումը, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Բաշիքայի զորակազմի մի մասը տեղափոխվել է այլ շրջան, և իրաքյան կառավարությունը դրական է գնահատել այդ որոշումը:

Սակայն դրան հաջորդեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրումը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել Թուրքիայի նախագահ Էրդողանին հարգել Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հատուկ միջոցներ ձեռնարկել մեղմելու համար լարվածությունը, այդ թվում դուրս բերելով թուրքական զորքն Իրաքի տարածքից: