24 դեկտեմբերի 2015 - 12:08 AMT
ԵՏՄ-ն և Իրանը բանակցում են առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բանակցում է Իրանի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ: Այդ մասին հայտնել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմեդ Ռեզա Նեմաթզադեն:

«Մենք բանակցում ենք, ԵՏՄ ներկայացուցիչները 2 օրից կժամանեն Թեհրան` բանակցելու: Մենք բանակցությունների սկզբնական փուլում ենք: Այժմ խոսքն առևտրում առավելագույն բարենպաստ ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի մասին է»,-ասել է Նեմաթզադեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ԵՏՄ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևն ասել էր, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում Իրանի հետ առևտրի պայմանների բարելավման նպատակով: Նա հավելել էր, որ Իրանը ռազմավարական գործընկեր է, և միջազգային պատժամիջոցների չեղարկումը նախադրյալներ կստեղծի Իրանում տարածաշրջանային տնտեսական աճի համար:

Համաձայնագրի կնքումը կնշանակի, որ ԵՏՄ-ն Իրանին կառաջարկի նույն պայմանները, արտոնություններն ու առավելությունները, ինչպես ցանկացած այլ երկրի: Սակայն այդ ռեժիմից բացի քննարկվում է նաև Իրանի հետ առևտրում բարենպաստ ռեժիմի անցումը, ինչպես նաև ապագայում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը:

Մասնավորապես, Իրանի դեպքում խոսքը կարող է լինել ներմուծման մաքսատուրքերի նվազեցման, որոշ դեպքերում նույնիսկ չեղարկման մասին` առաջին հերթին գյուղմթերքի` միրգ ու բանջարեղենի, ներկրման համար: Քննարկվում է նաև ռուսական գյուղմթերքի հսկողության մարմինների կողմից Իրանի ձեռնարկություններում ստուգումների հնարավորությունը: