24 դեկտեմբերի 2015 - 12:36 AMT
48.733 ընտանիք թվային հեռարձակման անվճար սարք կստանա

ՀՀ կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն կհատկացվի DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի դեկտեմբերի 24-ի նիստում:

Հունվարի 1-ից Հայաստանում դադարեցվելու է անալոգային հեռարձակումը և անցում է կատարվելու թվային հեռարձակման:

Ընդհանուր առմամբ՝ թվային հեռուստատեսության համար նախատեսված սարքեր կստանա մոտ 48 հազար 733 ընտանիք:

Առաջադրվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` վերահսկել, համակարգել և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ուժերով կազմակերպել օգնության փոխադրման և բեռնաթափման աշխատանքների իրականացման աշխատանքները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից իրականացվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված է, որ 2016-ի հունվարի 1-ին ՀՀ ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, և այդ պահից սկսած` ՀՀ տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում:

Սոցիալապես անապահով խավին անվճար կարգով DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրումը նախատեսված է Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգով պետության կողմից ստանձնած պարտավորությամբ և ուղղված է ՀՀ բնակչության սոցիալապես անապահով անձանց տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանը: