28 դեկտեմբերի 2015 - 11:03 AMT
Ըմբիշ Միհրան Հարությունյանը՝ Տարասկինի հուշամրցաշարի ոսկե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Սերգեյ Տարասկինի միջազգային 23-րդ հուշամրցաշարում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

«Անցկացրել եմ 5 բարդ գոտեմարտ: Հատկապես դժվար էր տրամադրվել մրցաշարին վնասվածքից հետո: Բացի այդ, աշխարհի առաջնությունից գրեթե 4 ամիս էր անցել: Մրցակցությունն այս քաշային կարգում սպասվածից բարձր էր: Բոլոր մասնակիցները միջազգային կարգի սպորտի վարպետներ էին՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղրիմից, Ուզբեկստանից: Միայն եզրափակչում ինձ հաջողվեց բացարձակ առավելության հասնել մրցակցիս նկատմամբ: Չեմ ափսոսում, որ որոշել եմ մասնակցել այս մրցաշարին, այն շատ օգտակար էր Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում ևս կան մրցաշարեր, որոնց մասնակցելու հարցը կվորոշեն Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի հետ:

Միջազգային հուշամրցաշարում, որը կայացել է դեկտեմբերի 26-27-ը Մոսկվայում, հայ ըմբիշը ներկայացել է 71 կգ քաշային կարգում և հաղթական 5 գոտեմարտ անցկացրել:

Միհրան Հարությունյանը ծնվել է Էջմիածնում: Միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր է, 66 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն, հունահռոմենական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ: 2014-ի հուլիսին Միհրան Հարությունյանը միջազգային ասպարեզում իր նորամուտն ազգային հավաքականում նշանավորել է օլիմպիական խաղերի օրրան Օլիմպիայում ընթացած միջազգային մրցաշարում նվաճած գլխավոր մրցանակով ու հատկապես աշխարհի գործող չեմպիոն կորեացի Հան Սու Ռիյայի նկատմամբ տոնած համոզիչ հաղթանակով:

Միհրան Հարությունյանը Բաքվի Եվրոպական մարզական խաղերի մրցաշարում արծաթ է նվաճել: