28 դեկտեմբերի 2015 - 11:21 AMT
2015-ի վերջին ու Նոր տարվա առաջին օրերին ձյուն կտեղա

Սկանդինավիայի շրջաններից Միջերկրական ծով ներթափանցող արկտիկական օդային հոսանքները պատճառ կդառնան հզոր ցիկլոնի առաջացման: Ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք կանխատեսվում է դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ժամերից: Այս մասին ասել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը ամբողջ Կովկասը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին մերկասառույց, տեսանելիության անկում»,- ասել է Սուրենյանը, գրում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 31-ից հանրապետություն կներթափանցեն արկտիկական հոսանքներ, ինչի արդյունքում հատկապես ցերեկային ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:

Սուրենյանը նաև տեղեկաթրել է, որ եթե մինչև դեկտեմբերի 30-ը Երևանում կանխատեսվում է ցերեկը +5...+7 աստիճան, ապա դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի ցերեկային ջերմաստիճանը չի բարձրանա -2 աստիճանից:

Հունվարի 1-ից հետո հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի լուրջ նվազում:

ՀՀ տարածքում դեկտեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: