28 դեկտեմբերի 2015 - 12:42 AMT
Էրդողան. ՌԴ հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում շարունակվում են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ու ՌԴ-ի հարաբերությունները տարբեր ոլորտներում շարունակվում են:

Նա հույս է հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն, Al Arabiya հեռուստաընկերությանը հղումով գրում է Tert.am-ը:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ամբողջովին խզված չեն: Ես միշտ ասում եմ, որ երկու երկրները չպետք է խզեն դիվանագիտական հարաբերությունները»,-ասել է նա՝ նշելով, որ շփումը շարունակվում է մի շարք ոլորտներում:

Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին՝ Էրդողանը նշել է, որ չի ցանկանում, որ դրանցում բացասական տեղաշարժ լինի և դիվանագիտության շրջանակներում հնարավորինս փորձում են խուսափել դրանից:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում:

Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

Կարդացեք նաև՝ Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցները կընդլայնվեն