28 դեկտեմբերի 2015 - 12:56 AMT
Մոտ 2 մլն լամպ ու ավելի քան 18.000 լուսային շղթա ՝ Երևանի տոնական լուսավորությանը

Դեկտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառները, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:

Երևանի ամանորյա տեսքն ապահովել են 987 փողոցային գեղարվեստական լուսավորության զարդեր, որոնք տեղադրվել են Երևանի ավելի քան 50 փողոցում։ Գեղարվեստական լուսային ձևավորում են ստացել նաև 1.700-ից ավելի ծառ: Ծառերի լուսային ձևավորման համար օգտագործվել է 18. 758 լուսային շղթա՝ ընդհանուր 1.875.800 լեդ լամպով։

Բոլոր վարչական շրջաններում տոնական լույսերով ձևավորված են ավելի քան 20 այգի ու պուրակ, և յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր կենտրոնական տոնածառը։

Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Ամենագեղեցիկ տոնական ձևավորման» մրցույթ, որի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանից կընտրվեն լավագույն ձևավորում իրականացրած կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները, ովքեր տոնական տեսք կհաղորդեն իրենց պատշգամբներին: Բացի այդ, կխրախուսվեն նաև կրթական ու մշակութային այն հաստատությունները, որոնք լավագույնս կձևավորեն իրենց շենքերի արտաքինը։ Լավագույնները կարժանանան Երևանի քաղաքապետի պատվոգրերի և հատուկ խրախուսական մրցանակների։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ տոնական բոլոր միջոցառումների անցկացման վրա իրենք նախատեսել են 40 միլիոն դրամ:

«Հիմնական գումարները տրամադրել են բարերարները: 40 միլիոն համայնքային բյուջեով նախատեսված է, բայց դա չի նշանակում, որ ամբողջը ծախսվելու է: Եթե բարերարների կողմից տրված գումարները չբավարարեն, ապա նոր կծախսենք բյուջեից», - պարզաբանել է քաղաքապետը:

2014-ին Երևանի համայնքային բյուջեից մոտ 48 մլն դրամ է հատկացվել Երևանում Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար: