28 դեկտեմբերի 2015 - 13:28 AMT
Նախարարն ամփոփում է. Արդարադատության խնդիրները, կոռուպցիայի դեմ պայքարը, Հրաչյա Հարությունյանի գործը

Հայաստանում արդարադատություն կա, բայց այն խնդիրներ ունի: Արդարադատության կերտման համար պատասխանատու են յուրաքանչյուրը՝ ես և դուք, ոչ թե միայն արդարադատության նախարարը: Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսում նշել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա ասել է, որ տական համակարգում, քրեակատարողական, հարկադիր կատարման ոլորտներում, բոլոր տեղերում խնդիրներ կան. «Եթե համակարգն աշխատում է, թերություններ չեն կարող լինել: Սահմանադրական փոփոխությունների շրջանակում շատ խնդիրներ լուծումներ կստանան», մեջբերում է Panorama.am-ը:

Խոսելով ցմահ դատապարտյալների հացադուլի և նրանց հարազատների կողմից բարձրաձայնվող խնդիրների մասին, Հովհաննիսյանը նկատել է, որ նախարարությունը իր իրավասությունների շրջանակում արձագանքում է այն խնդիրներին, որոնք կապված են տեսակցության, պահպանման պայմանների հետ:

«Կարծում եմ՝ բոլորս կհաջողենք, եթե յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով: Եթե հացադուլավորները կամ նրանց հարազատները պահանջում են քրեական գործերի վերաբացում, նախարարը որևէ լիազորություն չունի այս խնդրի հետ կապված: Պահանջում են նախարարից մի բան, որի իրավունքը ես չունեմ, անելու դեպքում էլ հակաիրավական է լինելու: Գործերի վերաբացման հետ կապված միայն դատարանն է պատասխանատու այն էլ միայն օրենքով նախանշված հիմքերով», - պարզաբանել է նախարարը:

Նախարարի խոսքով, պատժի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի օրենսդրական կարգավորման մեջ մի շարք հարցեր կան, այս խնդրի հետ կապված աշխատում է նաև անկախ միջգերատեսչական հանձնաժողով:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հովհաննիսյանն ասել է, որ ԵԽԽՎ-ում ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնցով սահմանվում են չափանիշները, թե ովքեր են քաղբանտարկյալներ: Հայաստանում որևէ մի բանտարկյալ չի համապատասխանում այդ չափանիշներին:

Խոսելով կոռումպիայի խնդրի մասին՝ նախարարն ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է հաջողել, երբ անկախ միջազգային փորձագետներն ասեն, թե ինչպես պետք է դրա դեմ պայքարել, ոչ թե գործադիր, օրենսդիր իշխանությունները:

«Ոչ թե պետք է պետական մարմինները ասեն, թե ինչ պետք է անել կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այլ անկախ փորձագետները: Այս ուղղությամբ քայլեր ենք անում, հաջորդ տարի փորձագետներ կներգրավենք, ովքեր նաև իրենց փորձը կփոխանակեն մեր մասնագետներին, կմատնանշեն քայլերի հաջորդականությունը, որը հնարավորություն կտա իրականացել որոշակի կոնկրետ ծրագրեր ու արդյունքում կոնկերտ հաջողություններ նախանաշել»,- ասել է նախարարը:

Հովհաննիսյանի խոսքով, իրենք արդեն թիրախային որոշակի ոլորտներ առանձնացրել են:

Նախարարն ընդգծել է, որ առաջնահերթություններից մեկը պրոբացիայի ծառայության ներդրումն է 2016-ին:

«Պետությունը չի կարող անընդհատ նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցել գործող ՔԿՀ-ներում գերբեռնվածությունը թեթևացնելու համար: Նոր ՔԿՀ-ները կառուցելը ծախսատար և ժամանակատար է, բացի այդ դա միակ ուղին չէ: Այս առումով այլընտրանքային մեխանիզմների զարգացումն անչափ կարևոր է: Շատ կարևոր է պրոբացիայի ինստիտուտը», - նկատել է նա:

Նախարարի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրների հաջողված փորձը ցույց է տալիս, որ դատապարատյալների թվի նվազման, վերասոցիալականացման, հասարակություն վերաինտեգրման ամենակարևոր ուղիներից մեկը պրոբացիայի ինստիտուտի ներդրումն է:

հովհաննիսյանը տեղեկացրել է, որ «Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենքների նախագծերը պատրաստ են, դրանք այժմ քննարկման փուլում են, հնարավորություն կլինի առաջիկայում ներկայացնել կառավարություն, Ազգային ժողով:

Նախարարն անդրադարձել է նաև Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբին՝ ասելով, որ երբ ինչ-որ բան կանխվում է, սկսվում են քննարկումներ ու որակումներ, իսկ եթե ինչ-որ դեպք պատահեր, ափսոսանք կհայտնեին:

«Խմբի մասին կարծիք հայտնել չեմ կարող, որովհետև որևէ մեկին չեմ ճանաչում, իսկ հատուկ ծառայություններն, իրապես, լավ են կատարել իրենց աշխատանքը և իրապես հանցագործություններ են կանխվել», - ասել է նա:

Խոսելով ցմահ դատապարտյան Սողոմոն Քոչարյանի մահվան պատճառների մասինՀովհաննիսյանն ասել է, որ վերջինիս առողջության պահպանման համար քրեակատարողական հիմնարկում բժշկական անձնակազմ կա:

«Չէի ասի, որ ինչ-որ մեկը չի հետևելամեն ինչ արվել է», - ասել է նախարարը, գրում է«Ա1+»-ը:

Նախարարն անդրադարձել է նաև Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառով մի քանի տասնյակ մարդու մահվան պատճառ դարձած վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցին: Նա տեղեկացրել է, որ հարցը ՌԴ իրավապահ մարմինների քննարկման տիրույթում է:

«Նրանք դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն և մենք բավարարել ենք դիմումը, ներկայումս հարցի քննարկումը գտնվում է ՌԴ իրավապահ մարմինների քննարկման տիրույթում: Պետք է դատապարտյալին հանձնման պրոցեսը երկարատև է, մենք էլ, երբ հանձնում ենք կատարում, ամիսներ է պետք գործընթացն իրականացնելու համար», - ասել է նա, գրում է Tert.am-ը:

Հովհանիսյանը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի այս հարցում կլինի առաջընթաց: